Ախալքալաքի քաղաքապետարանն այս տարվանից կֆինանսավորի ոչ միայն սոցիալապես անապահով մարդկանց, այլև բոլոր բնակիչների վիրահատական միջամտությունները:

«Բնակչության մոտավոր կարիքները հաշվի առնելով, որոշեցինք մեր ծրագիրը թարմացնել: Արդեն 10 տարի է Սոցիալական ծառայութունում ծրագրային փոփոխություն չէր իրականացվել: Հիմնական փոփոխությունները կատարվել են առողջապահության ոլորտում», – ասաց Ախալքալաքի քաղաքապետարանի սոցիալական ծառայության ղեկավար Կլիմենտ Չթչյանը:

Նախկինում քաղաքապետարանը վիրահատությունների համար միջոցներ էր հատկացնում միայն սոցիալապես անապահով ընտանիքներին: Փոփոխված ծրագրի համաձայն յուրաքանչյուր բնակիչ տարին մեկ անգամ կարող է դիմել վիրահատության ծախսերը ֆինանսավորելու համար:

«Մեր հանձնաժողովն անցած տարի աշխատեց այսպես ասած՝ պիլոտային ծրագրով, որի արդյունքում ընդհանուր պատկերացում կազմեցինք, թե մոտավորապես ինչքան գումար պետք կլինի մեզ ծրագիրն իրականացնելու համար, ինչքան դիմողներ կլինեն, մեկ տարվա կտրվածքով: Եվ եկանք այն եզրահանգմանը, որ, եթե ավելացնենք առողջապահության բյուջեն, կկարողանանք իրագործել»,- ասաց Կլիմենտ Չթչյանը:

2018 թվականին սոցիալապես անապահով ընտանիքների ծրագրով քաղաքապետարանին են դիմել 70 շահառու, որ վիրահատական միջամտության համար գումար են ստացել:

«Սովորական բնակիչը տարվա մեջ մեզ կարող է վիրահատության համար դիմել միայն մեկ անգամ, անկախ նրանից քանի վիրահատություն կանցնի: Իսկ սոցիալապես անապահովները մինչև շեմը լրանալը կարող են մի քանի անգամ ստանալ», – հավելեց Սոցիալական ծառայության ղեկավարը:

Սոցիալապես անապահով ընտանիքները, որոնք ունեն 0-ից մինչև 100 000 միավոր, մինչև 70 տոկոս ֆինանսավորում կստանան, այսինքն՝ մինչև 1500 լարի և տարեկան, ըստ անհրաժեշտության, մի քանի անգամ:

Մինչև 1000 լարի արժողությամբ վիրահատությունները կֆինանսավորվեն մինչև 300 լարիի չափով, 1000-5000 լարիի դեպքում, կֆինանսավորվի մինչև 1000 լարին, 5000-10000-ը՝ մինչև 1500 լարի, 10 000-ից ավելի արժողությամբ վիրահատությունները, մինչև 2000 լարի: Սոցիալական ծառայության ներքո գործող հատուկ հանձնաժողովը յուրաքանչյուր դիմումատուի պարագայում անհատական որոշում կկայացնի:

Ախալքալաքի քաղաքապետարանի և հիվանդանոցի միջև հուշագիր է ստորագրվել, որի համաձայն հիվանդանոցին է փոխանցվել 80 000 լարի:

Ըստ այդ պայմանագրի 0-6 տարեկան երեխաների, թոշակառուների վիրահատական միջամտությունները և մնացած բուժումները Ախալքալաքի հիվանդանոցում, մինչև 300 լարիի չափով ֆինանսավորվում է քաղաքապետարանից:

Աղունիկ Այվազյան