«Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում Կարտիկամ գյուղում որոշել են մաքրել և ջրով լցնել արհեստական ջրամբարը կովերի խմելու ջրի համար, ինչպես նաև ավարտել կենտրոնական փողոցի լուսավորումը: Այս առաջնահերթությունները քննարկվում են Ախալքալաքի քաղաքապետարանում:

Փետրվարի 27-ին Կարտիկամ գյուղում տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում բնակիչները քննարկել են գյուղի խնդիրները և առաջնահերթ աշխատանքները, որոնք կարելի է իրականացնել «Օգնություն գյուղին» ծրագրի միջոցներով: Այս տարի Կարտիկամն այս ծրագրից ստացել է 20 000 լարի: Հանդիպմանը ներկա էին շուրջ 60 տղամարդ:

haytararutyun

Այսպես կոչված «Բավրայի գյոլի» տարածքում ջրամատակարարումը և հատկապես կարևոր են մաքրման հետ կապված խնդիրները: Մեզ համար դա կարեւոր է, մեր գյուղում անասնաբուծությունը շատ զարգացած է, այս ջրամբարը միակ ջրի աղբյուրն է սարերում, որտեղ կովերը կարող են ջուր խմել: Մնացած գումարով մենք կշարունակենք կենտրոնական փողոցի լուսավորությունը, այսօրվա դրությամբ այն լուսավորված է գրեթե 70%-ով», – ասում է Կարտիկամում քաղաքապետի ներկայացուցիչ Շալո Էլիզբարյանը:

Կարտիկամում 430 տնտեսություն կա: Այստեղ ոչ բոլոր ընտանիքներն են անասուններ պահում, բայց բոլորը չեն, որ ուզում են հրաժարվել անասնապահությունից: Գյուղում կա մոտ 500 կով, նրանց արածեցնում են գյուղի մոտ գտնվող արոտավյրերում, և գյուղում կովերի համար խմելու ջրի խնդիրն արդիական է:

Լավրենտ Սարյանը մասնակցել է փետրվարի 27-ին տեղի ունեցած գյուղի հանդիպմանը, նա քվեարկել է կենտրոնական փողոցի և Բավրաի գյոլի ջրամբարը մաքրելու օգտին:

«Շատ ցավալի է, որ ոչ բոլոր համագյուղացիները եկան քվեարկությանը: Կային մարդիկ, ովքեր չէին ուզում Բավրայի գյոլի տարածքը մաքրել, նրանք ցանկանում էին լուծել գյուղի կոյուղագծի խնդիրը, բայց մեծամասնությունը քվեարկեց կենտրոնական փողոցի լուսավորման և ջրամբարը մաքրելու համար», – ասում է Լավրենտ Սարյանը:

Հոռոմսիմա Նիկողոսյանը 2 կով ունի, նա համաձայն է մեծամասնության որոշման հետ:

«Ես ինքս չեմ մասնակցել, քանի որ այնտեղ հավաքվել էին միայն տղամարդիկ, բայց շատ ուրախ եմ, որ շուտով կլուծվի կովերի խմելու ջրի հարցը», – ասաց նա:

Նաիրի Չեչելյանը չի կարողացել մասնակցել որոշման կայացմանը, քանի որ այդ օրը նա գյուղում չէր:

«Ես դեմ չեմ համագյուղացիների որոշմանը: Ես նաև կցանկանայի, որպեսզի լուծեին ճանապարհների հարցը», – ասում է նա:

Գյուղերի կողմից առաջնահերթություններն արդեն որոշված են, Ախալքալաքի քաղաքապետարանում այժմ ընթանում է գնահատման գործընթացը:

Երկամյա ընդմիջումից հետո պետությունը վերսկսեց «Օգնություն գյուղին» ծրագիրը` կրճատելով գյուղերի համար հատկացված գումարի չափը: Պետությունն այս ծրագրի համար հատկացրել է մոտ 20 միլիոն լարի, Ախալքալաքի մունիցիպալիտետը կստանա 461 հազար լարի:

Բրատիսլավ Իգիթխանյան