Այսուհետ, Ախալքալաքի շրջանի սոցիալապես անապահով բնակիչներն անվճար դեղամիջոցներ կարող են ստանալ մինչև 600 լարի արժողությամբ:

Սոցիալական փաթեթում կատարված փոփոխությունների արդյունքում անապահով ընտանիքները դեղամիջոցների ձեռք բերման ֆինանսավորման համար կարող են քաղաքապետարան դիմել տարին մի քանի անգամ: Սոցիալապես անապահովների ցուցակին են ավելացել պատերազմի վետերանները և հաշմանդամ երեխաները: Նրանց համար նաև ընդլանվում է դեղամիջոցների ցանկը:

«Եթե նախկինում մեզ դիմում էին հիվանդներ և մեր օգնությունը տարեկան մի անգամ էր, նույնիսկ երբ տարվա մեջ հիվանդի դեղերը կարող էին մի քանի անգամ փոխվել: Հիմա կարգը փոխել ենք, նրանք կարող են դիմել տարվա մեջ չորս անգամ, բայց նրանք կարող են ստանալ ոչ ավել քան 600 լարի: Մեզ կարող են դիմել այն դեղամիջոցների համար, որոնք չեն ֆինանսավորվում պետական ծրագրերով: Իսկ հաշմանդամ երեխաները դեղամիջոցներ կստանան 100 տոկոսով անվճար», – ասաց Ախալքալաքի քաղաքապետանաի Սոցիալական բաժնի պետ Կլիմենտ Չթչյանը:

Փոփոխությունների արդյունքում, Ախալքալաքի քաղաքապետի անմիջական որոշմամբ՝ տոնական և նշանակալի օրերին բնակչության հատուկ խմբերից կընդգրկվեն մարդիկ, որոնք կպարգևատրվեն և կարժանանան առանձնակի ուշադրության:

Աղունիկ Այվազյան