Ախալքալաքի քաղաքապետարանում քննարկվում են մունիցիպալիտետի Մանկապարտեզների միության աշխատանքի առնչությամբ բողոքները: Ինչ միջոցներ կձեռնարկվեն, դեռ հայտնի չէ, միայն նշում են, որ բողոքների քննարկումն ընթացքի մեջ է:
Մարտի 5-ին jnews-ը հրատարակել էր «« Ամեն ինչ չէ, որ կարգին է մանկական թագավորությունում» կամ խնդիրներ Միությունում» նյութը, որտեղ Մանկապարտեզների միության նախկին հաշվապահը Միության տնօրենին մեղադրում է պաշտոնը չարաշահելու մեջ: Քաղաքապետարանից մեզ այն ժամանակ հայտնեցին, որ մանկապարտեզների հարցով զեկուցագիրը գտնվում է քաղաքապետի մոտ, ով էլ քննարկում է այս գործը:
Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանն ասում է, որ դեռ որեւէ որոշում չի կայացվել:
«Կստուգենք եւ միջոցներ կձեռնարկենք: Այս կազմակերպության լավ աշխատանքը նախևառաջ հետաքրքրում է ինձ: 8 ամիս առաջ հանձնաժողով ստեղծվեց, եւ մենք, հանձնաժողովի արդյունքների հիման վրա, Պետրովիչին (Վալերի Ստելմաշով՝ Կրթության, մշակույթի…. ծառայության պետ) հանձնարարեցինք միջոցներ ձեռնարկել եւ տնօրենին վատ աշխատանքի համար նկատողություն տրվեց», – ասաց Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը:
Մանկապարտեզների միության գլխավոր հաշվապահ Աստղիկ Տաշչյանը պաշտոնանկ էր արվել անցած տարվա կեսերին: Նա համարում է, որ նրան աշխատանքից ազատել են ոչ թե աշխատանքի խախտումների պատճառով, այլ այն պատճառով, որ նա տեսել եւ նշել է տնօրինության կողմից կատարված խախտումները: Միության տնօրենը չի մեկնաբանում հաշվապահի մեղադրանքները, սակայն ասում է, որ աշխատանքից հեռացումը չի հակասում օրենքին: Քաղաքապետարանում նշեցին, որ Աստղիկ Տաշչյանի բողոքի հետ մեկտեղ նրանք քննարկում են նաև այլ բողոքներ: