Վրաստանում 12 ազգային պարկերի պաշտպանության և զարգացման համար կծախսվի 10 միլիոն դոլար, ծրագիրը կիրականացվի երկրի եզակի կենսաբազմազանությունը պաշտպանելու համար: Այս մասին հայտնում է Վրաստանի Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունը:

Ծրագրի շրջանակներում, որը ՄԱԿ-ի զարգացման հիմնադրամի (ՄԱԶԾ) և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) նախաձեռնությունն է, կտրամադրվի տեխնիկական և խորհրդատվական աջակցություն Վրաստանի 12 հիմնական պաշտպանված տարածքներին, այդ թվում` Ջավախքի ազգային պարկին:

Ծրագիրը նախատեսված է հինգ տարվա համար, այն կավարտվի 2023 թվականին: Նախաձեռնության հիմնական նպատակն է ֆինանսական կայունության ամրապնդումը և արգելավայրերի արդյունավետ կառավարումը:

«Մենք սկսում ենք չափազանց կարևոր ծրագիր, որը կապահովի Վրաստանի 12 պահպանվող տարածքների ֆինանսական կայունությունը և ամրապնդումը: Ներկայումս երկրի տարածքների միայն 8%-ն է պաշտպանված: Սպասվում է, որ այս ցուցանիշը հաջորդ ութ տարիների ընթացքում կավելանա մինչև 20%: Մենք ուրախ ենք հնարավորությունից մեր միջազգային գործընկերների և մասնավոր ընկերությունների հետ համագործակցելու` բարձրացնելով պահպանվող տարածքների արդյունավետությունն ու կայունությունը», – ծրագրի շնորհանդեսի ժամանակ ելույթ ունենալուց ասաց Վրաստանի Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության փոխնախարար Յուրի Նոզաձեն:

Հինգ տարանոց ծրագրի ընդհանուր բյուջեն մոտավորապես 10 մլն դոլար է կազմում: Դրանցից 1,8 միլիոնը՝ ԳԷՀ-ի դրամաշնորհն է, ևս 4,8 միլիոնը՝ Վրաստանի Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության ֆինանսավորումը, 3,1 միլիոն դոլարը` Կովկասի բնության հիմնադրամինն է (CNF), իսկ Վրաստանի բանկինը` 200 հազար դոլարն է:

Ծրագիրը կիրականացվի Կովկասի բնության հիմնադրամի և Պաշտպանված տարածքների գործակալության կողմից:

Ծրագիրը ներառում է հետևյալ պաշտպանված տարածքները և ազգային պարկերը.

Բորժոմի-Խարագաուլիի ազգային պարկը
Լագոդեխիի պահպանվող տարածքները
Վաշլովանիի պահպանվող տարածքները
Թուշեթիի պահպանվող տարաքները
Թուշեթիի պահպանվող լանդշաֆտները
Մտիրալա ազգային պարկը
Ջավախքի ազգային պարկ
Կազբեգի ազգային պարկը
Ալգեթիի ազգային պարկը
Կինտրիշիի պահպանվող տարածքները
Մաճախելայի ազգային պարկը
Փշավ-Խեվսուրեթիի պահպանվող տարածքները