Այսօր, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի լիագումար նիստում հաստատվեց 2019 թվականի բյուջեի փոփոխությունների փաթեթը:

Օրակարգում երեք հարց էր՝

1. Ախալքալաքի մունիցիպալիտետի 2018 թ-ի դեկտեմբերի 18-ի «Ախալքալաքի մունիցիպալիտետի 2019 թ.-ի բյուջեի հաստատման մասին» №49 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:

Այս կետում, մասնավորապես, քննարկվեց 1 370 000 լարիի չափով գումարը, որը հատկացվել է բարձրալեռ հիմնադրամից, շրջանի դպրոցներում փոքր շինարարական աշխատանքներ կատարելու համար, եւ 17 702 լարի աշակերտների եւ մանկապարտեզի երեխաների տեղափոխման համար, եթե նրանք հաճախում են գյուղից դուրս գտնվող դպրոց կամ մանկապարտեզ:

Օգնություն գյուղին ծրագրի (ՕԳԾ) համար հատկացված 922 000 լարի գումարը քաղաքապետարանը կփոխանցի միայն աշխատանքներն ավարտելուց հետո: 28 000 լարի բարձրահարկ տների մուտքերում օդափոխության սարքերի տեղադրման համար է:

Այս եւ մի շարք այլ հարցեր, որոնք վերաբերում էին ֆինանսներին, պատգամավորներին ներկայացրեց քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Մկրտիչ Մղդեսյանը:

2. Պետության և Ախալքալաքի մունիցիպալիտետի սեփականությունում գտնվող ոչ գյուղատնտեսական հողերի նորմատիվ գների որոշման մասին:

Ոչ գյուղատնտեսական հողերի նորմատիվ գների փոփոխությունները ներկայացրեց գույքի եւ պլանավորման բաժնի մասնագետ Վահան Բաթոյանը: Օրենքի համաձայն, Սակրեբուլոյի պատգամավորները, փետրվարին, անկախ այն բանից, թե ոչ գյուղատնտեսական հողերի սակագները փոխվել են թե ոչ, պետք է նորից հաստատի սակագները: Փոփոխություններ չեն եղել: Ախալքալաքի մունիցիպալիտետում ոչ գյուղատնտեսական հողատարածքի 1 քառ մետրի արժեքը կազմում է 1,80 լարի:

Երրորդ հարցը վերաբերում էր սոցիալական օգնության տրամադրման փոփոխությունների հաստատմանը: Այս փոփոխությունները պատգամավորներին ներկայացրեց քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Կլեմենտ Չտչյանը:

Բոլոր հարցերը պատգամավորների կողմից հաստատվեցին:

Շուշան Շիրինյան