Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ժամկետը 2018 թվականի վերջին երկարաձգեցին մինչեւ 2020 թվականը: Իսկ այդ ժամկետի լրանալուց հետո կրկին կանցկացվի գնահատում, եւ հնարավոր է լինի կրկնակի երկարաձգում:

ԵՄ դիտորդական առաքելությունը 2008 թվականից գտնվում է Վրաստանում: Առաքելության անձնակազմը պարեկություն է կատարում վարչական սահմաններում եւ վերահսկում է, թե ինչ տեղի է ունենում այնտեղ՝ հիմնականում Հարավային Օսիայում եւ Աբխազիայում: Առաքելությունում աշխատում է մոտ 200 միջազգային դիտորդ: Աշխատակիցները ներկայացնում Եվրամիության 28 երկրից 27 -ը:

«Մեր հիմնախնդիրը կայունության ապահովումն է, համոզվել նրանում, որ ոչ մի այնպիսի բան չի կատարվում, որը լարվածություն է առաջացնում, բայց մենք նաեւ հետևում ենք, թե ինչ է տեղի ունենում հասարակ մարդկանց կյանքում, որքանով են նրանք կարողացել վերադառնալ իրենց նորմալ կյանքին, որը նրանք ունեին մինչ 2008 թվականի պատերազմը: Սրանք այն հիմնական հայեցակետերն են, որոնց վրա մենք աշխատում ենք », – ասում է Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Էրիկ Հեգը:

Առաքելության ղեկավարի խոսքերով, նրանք այցելում են նաև Սամցխե-Ջավախք, Մառնեուլ եւ Արեւմտյան Վրաստան: Նրանք այնտեղ ստուգում են, թե արդյոք իրենց պարտականություններին համապատասխան են գտնվում Վրաստանի զինված ուժերը եւ անվտանգության կառույցները:

ինչպես հայտնում են Առաքելությունից, չնայած տեղի ունեցող միջադեպերին, ընդհանուր առմամբ, կայունության մակարդակը բարձրացել է: Առաքելության հիմնական նպատակը, ինչին այն հասել է, հարաբերական կայունությունն է: Առաքելությունն այնտեղ է, որտեղ կա անհրաժեշտություն, որտեղ գոյություն ունի ճգնաժամային իրավիճակ:

Առաքելությունը կշարունակի իր աշխատանքը նույն մանդատով, քանի որ բյուջեն եւ աշխատակիցների թիվը մնացել է նույնը:

Առաքելությունը մեծ ուշադրություն է դարձնում ազգային փոքրամասնություններին: Որպեսզի ազգային փոքրամասնություններն տեղեկանան առաքելության կատարած աշխատանքի մասին, նրանք իրենց դիտարկումների զեկույցները հրապարակում են նաեւ հայերենով եւ ադրբեջաներենով:

Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավարի խոսքերով, նրանք այսուհետ ավելի ակտիվ կլինեն Սամցխե-Ջավախքում, որպեսզի նրանց բացատրեն առաքելության գործունեությունը:

«Ես հուսով եմ, որ 2019 թվականին անձամբ կգնամ այնտեղ: Կարծում եմ, որ մեզ համար կարեւոր է, որպիսի Վրաստանում բոլորը հասկանան, թե ինչ է անում Առաքելությունը եւ ինչու ենք մենք կարեւոր: Մենք արդեն եղել ենք Ախալքալաքում, Ախալցիխեում, եւ ես կարծում եմ, որ մենք կշարունակենք ավելին անել, որպեսզի ավելացնենք այդ ներկայությունը », – ասում է Առաքելության ղեկավարը:

Ըստ Էրիկ Հեգի, անհրաժեշտության դեպքում նրանք կարող են մեկ անգամ եւս երկարաձգել իրենց ներկայության ժամկետը:

«Մանդատի ավարտին, մասնակից երկրները կվերանայեն Առաքելությունը, եթե այն դեռևս իմաստ ունենա կամ հարկ լինի ինչ-որ կերպ փոխել այն: Եթե իրավիճակը մնա այնպիսին, ինչպես հիմա է, ես ակնկալում եմ, որ Խորհուրդը, ԵՄ նախարարները կրկին մանդատը կերկարաձգեն: Ես չեմ կարող ասել, թե ինչ կլինի 2020-ից հետո, բայց կարծում եմ, որ ԵՄ-ը կընդունի, որ մենք տարածաշրջանային կայունության տեսանկյունից համարվում ենք առաջատար օղակ, եւ ես գտնում եմ, որ եթե իրավիճակը նույնը լինի, ինչպպես հիմա է, մենք ոչ ոքի չենք տեսնում, ով կարող է իր վրա ստանձնել այդ խնդիրը, մենք կմնանք տեղում », – ասաց Էրիկ Հեգը:

Շուշան Շիրինյան