Երկու ամիս է, ինչ Վրաստանում գործում է կուտակային կենսաթոշակի նոր համակարգը: Ախալքալաքում նոր համակարգի մասին շատ տեղեկություն չունեն, իսկ տեղեկացվածներն էլ չեն վստահում:

Ի՞նչ են մտածում քաղաքացիները նոր համակարգի գործարկման մասին

Սուսամբար Կուրղինյանը դպրոցում է աշխատում, տեղյակ է կուտակային կենսաթոշակի մասին, սակայն թե ի՞նչ սկզբունքով է այն հետագայում օգտագործելու, նույնիսկ չի հետաքրքվրում:

«Մեր հաշվապահն այնպես է համոզել ինձ, որ շատ հրաշալի եմ վերաբերվում: Ինքը շատ լավատես մարդ է, թեկուզ ամենավատ բանը խոսես մոտը, ինքը միշտ կասի, որ լավ կլինի: Մի քանի օր առաջ ոգևորված խոսում էինք, թե իբրև աշխատավարձ են տալիս, 2 տոկոսն էլ բռնում են: Ինքն ասաց՝ բան չէ, 100 լարիի մեջ ընդամենը 2 լարի: Ինքն այնպես է ներկայացնում, դու քեզանից անկախ մտածում ես ինչ հրաշալի է», – ասաց Սուսամբար Կուրղինյանը, ով արդեն երկրորդ ամիսն է կենսաթոշակ է կուտակում:

Ի տարբերություն Սուսամբարի, Խաչատուրը, ով աշխատում է Ախալքալաքի խանութներից մեկում, վստահ չէ, որ իր կուտակած գումարը չի «կորելու»:

«Ես չեմ վստահում այդ ֆոնդերին: Պետական մակարդակով անլեգալ բիզնես են անում: Հավաքված գումարը ով է տնօրինելու, որտեղ է հավաքում, ով գիտի, ոչ ոք: Ինչ որ մեկին գումար էր պետք նստեցին օրինագիծ մշակեցին որ հասարակ մարդկանցից վերջին կոպեկը վերցնեն: Առաջին հայացքից ասում ես ինչ մի մեծ գումար է, ընդամենը երկու լարի, բայց այդ գումարով դու կարող ես երեք հաց գնել»,- ասաց Խաչատուրը, ով չցանկացավ նշել իր ազգանունը:

Անժիկ Մարաբյանը կուտակային կենսաթոշակի համակարգի մանրամասների մեջ չի խորացել, քանի որ, ինքն արդեն 63 տարեկան է՝ թոշակառու:

«Գիտեմ, որ  կուտակած գումարը մահվանից հետո հարազատին է փոխանցվում, բայց թե ինչպես է կանոնակարգվելու,  կենսաթոշակին է գումարվելու, թե ինչ է լինելու, չգիտեմ, չեմ պատկերացնում: Վերջը Գորբաչովի փողի օրն է ընկնելու», – ասաց դպրոցի ուսուցիչ Անժիկ Մարաբյանը:

Վերջինս խուսափում է, կոնկրետ գնահատական տալ նոր համակարգի մասին, սակայն նշում է, որ անվստահությունը մեծ է՝ ելնելով դառը փորձից: 

«Անվստահությունս մեծ է, որովհետև փորձ ունեմ: Սովետական միության ժամանակ ապահովագրում էին: Ես 3 երեխաներիս համար 5000 ռուբլի էի հավաքել, օրենքով ապահովագրություն էր, բայց եկավ ժամանակը ապահովագրության հիմնարկը վառվեց, մեր փողերը զրոյացան: Բայց, չէ, որ ես իմ խղճուկ աշխատավարծից էի հավաքել, ոչինչ չստացա, ոչ միայն ես, այլև իմ նման հազարավորները», – նշում է տիկին Անժիկը:

43 տարի է Անժիկ Մարաբյանը դպրոցում է դասավանդում: Նա համարում է, որ իրավունքները խախտված են, քանզի այսօր նա էլ բոլորի նման նույնչափ կենսաթոշակ է ստանում:

«Պատկերացնում եք, ինչքան վատ է, թեկուզ այն, որ գիտակցում ես, որ տարիների աշխատանքդ ոչ մի տեղ «առավելություն» չունի: Շատ չեմ ասում, գոնե սիմվոլիկ 10 լարի ավելին լիներ մեր թոշակը: Գոնե այդպես գնահատված զգայինք», – հավելեց նա:

Ի՞նչ է ենթադրում կուտակային կենսաթոշակային համակարգը 

2019թ.-ի հունվարի 1-ից Վրաստանն անցավ նոր կուտակային կենսաթոշակի համակարգի:

«Կուտակային կենսաթոշակի մասին» օրինագիծը Վրաստանի էկոնոմիկայի, ֆինանսների և Ազգային բանկի համատեղ աշխատանքն է:

Գումարը հետևյալ կերպ է հաշվարկվում. ամենամսյա գրանցված աշխատավարձի 2%-ը փոխանցում է աշխատակիցը, 2%-ը՝ նրա գործատուն և 2%-ը՝ պետությունը:

Նոր կենսաթոշակային համակարգը տարածվում է ինչպես Վրաստանի քաղաքացիների, այնպես էլ Վրաստանում մշտապես բնակվող արտասահմանյան քաղաքացիների, ինչպես նաև ինքնազբաղված ոչ քաղաքացիների վրա, որոնք եկամուտ են ստանում:

Նրանց համար, ովքեր դեռ 40 տարեկան չեն, բարեփոխման մեջ ներառվելը պարտադիր կլինի: 40 տարեկանից բարձր անձանց համար բարեփոխմանը մասնակցելը կամավոր է:

Նոր կենսաթոշակային համակարգում ներառված են նաև ինքնազբաղված անձինք եթե կցանկանան: Սակայն նրանք փոխանցում են ամենամսյա եկամտի 4%-ը, քանի որ, ըստ օրինագծի հեղինակների, այդ դեպքում ինքնազբաղվածը և աշխատակից է, և գործատու: Ինքնազբաղվածի այդ 4 տոկոսին 2% գումարն ավելացնում է պետությունը: 

Նոր կենսաթոշակային համակարգը չի նշանակում, որ հին, ֆիքսված կենսաթոշակը չեղարկվում է, որն այսօր կազմում է ամսական 240 լարի: Այն հավելում կլինի հիմնական կենսաթոշակային գումարին:

Եթե կենսաթոշակ կուտակած անձը մահանա, ապա նրա ֆինանսական խնայողությունները կարող են տնօրինել նրա ուղիղ ժառանգորդները:

Նոր համակարգը մարդուն թույլ է տալիս հետաձգել իր կենսաթոշակի անցնելը և շարունակել կուտակել իր խնայողությունները: Սակայն, երբ մարդ հասնի կենսաթոշակային տարիքի, պետությունն ու գործատուն կդադարեն փոխանցել իրենց 2%-ներն այդ ֆոնդին: Նա կարող է իր խնայողությունները ավելացնել միայն իր 2% փոխանցումների հաշվին:

Առաջին հինգ տարվա ընթացքում, մասնակիցների գումարները կտեղակայվեն միայն ցածր ռիսկ պարունակող նեդրումային պորտֆելում: Դրանից հետո մասնակիցներին հնարավորություն կընձեռվի ընտրել ցածր, միջին կամ բարձր ռիսկ պարունակող պորտֆել: Դրանից կախված կլինի տոկոսադրույքը, որը կստանա քաղաքացին:

Ի՞նչ երաշխիք կա

Վրաստանի կենսաթոշակային գործակալության ղեկավար Լևան Սուրգուլաձեն հունվարի վերջ հայտարարեց, որ ավելի քան 10 000 ընկերություն արդեն գրանցվել է կուտակային կենսաթոշակային նոր համակարգում, և ներկայումս միակ խնդիրը մնում է բնակչության իրազեկության պակասը:

Գործակալության տնօրենն անդրադառնալով կենսաթոշակային ֆոնդի ռիսկերի և գնաճի ազդեցությանը քաղաքացիների խնայողությունների վրա, հաշվի առնելով, այն հանգամանքը, որ կուտակային համակարգը գործում է ազգային արժույթով (լարի): Անդրադարձավ նաև քաղաքացիների վստահությանը:

«Գնաճի թիրախային մակարդակը կազմում է 3%, այսինքն խնայողություններից 2 անգամ պակաս, որոնք կազմում են 6%: Բացի այդ, գնաճն լինում է միայն այն պայմաններում, երբ մարդիկ ավելի շատ գումար են ունենում: Ըստ այդմ, գնաճին զուգահեռ բարձրանում են և աշխատավարձերը, աշխատավարձի հետ միասին, ինքնաբերաբար, աճում են կենսաթոշակային ֆոնդի փոխանցումները: Արդյունքում, կենսաթոշակային խնայողություններն էլ են աճում», – նշել է նա:

Լևան Սուրգուլաձեի խոսքերով, կենսաթոշակային խնայողություններն ամենաապահով ակտիվներն են համարվում, շատ ավելի ապահով, քան որևէ այլ բան՝ տուն, մեքենա և այլն: Օրենքը հստակ ասում է, որ անհնար է այն հանել, նույնիսկ եթե դրա սեփականատիրոջը սպառնում է վարկերի դիմաց տնից վտարում:

Աղունիկ Այվազյան