Շուրջ մեկուկես դար միավորել երկու՝ հայ և վրաց ժողովուրդներին ու իր կենդանի ներկայությունը թողնել երկու պետություններում։ Փետրվարի 19-ին ինչպես Հայաստանում, այնպես էլ Թբիլիսիում նշվեց հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հոբելյանը։

Մեծն լոռեցու 150-ամյակի կապակցությամբ միջոցառումների շարքը մեկնարկեց փետրվարի 19-ին՝ Թումանյանի ծննդյան օրը՝ Երևանում, ամենայն հայոց բանաստեղծի ծննդավայր Լոռվա Դսեղում, ինչպես նաև Թբիլիսիում, որտեղ նա ապրել ու արարել է՝ դառնալով հայ և վրացի ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ, երկու երկրների գրականությունները կապող կամրջի հիմնադիրը:

Թբիլիսիում նախատեսված միջոցառումները մեկնարկեցին հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում: Հոգեհանգստի կարգից հետո հյուրերը ծաղիկներ խոնարհեցին Թումանյանի շիրիմին, իսկ օրը համեմվեց գիրք նվիրելու ավանդույթով. կյանքից հեռացած գրող, բանաստեղծ, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանի դստերը շարունակելով վերջինիս՝ Վրաստանում սերմանած ավանդույթը, գրքեր նվիրեցին ներկաներին:

Տոնը շարունակվեց Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի մեծ սրահում՝ այստեղ ներկայացված էր Վրաստանի գեղանկարիչ Թենգիզ Միկոյանցի անհատական ցուցահանդեսը՝ «Թումանյանի հետքերով» խորագրով: Միկոյանցն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է՝ դահլիճի մի կողմում ներկայացված է Հայաստանը՝ Լոռվա Դսեղը, մյուսում՝ Վրաստանը, սա կարծես Թումանյանի երկու կողմն է, Թումանյանի կյանքի երկու հանգրվանները:

«Թումանյանը 40 տարի ապրել է Թբիլիսիում և շատ սիրված է եղել ինչպես հայերի այնպես էլ վրացիների կողմից։ Վրաց պոետներ, մտավորական գործիչներ նվիրել են բանաստեղծություններ Թումանյանին, իսկ ինքը՝ Թումանյանը 30-ից ավելի հոդված ու գործ է նվիրել վրաց ժողովրդին: Երբ խորհրդային տարիներին Թումանյանին Հայաստանն արդեն նշանակել էր կենսաթոշակ, նույնն անում է նաև Վրաստանը, ինչը շատ զարմացնում է Թումանյանին և նա անմիջապես այդ գումարը՝ շնորհակալություն հայտնելով փոխանցում է Վրաստանի մանկատներին»,- մեզ հետ զրույցում ասում է Երևանից հրավիրված բանասեր, թումանյանագետ Սուսաննա Գրիգորյանը:

Թումանյանի 150-ամյա հոբելյանի կապակցությամբ շնորհավորանքներ էին հղել ՀՀ և Վրաստանի նախագահները: ՀՀ նախագահի խոսքը փոխանցեց Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը:

«Թումանյանն իր բարձունքի վրա էր երեկ, այնտեղ է այսօր, այնտեղ է լինելու նաև վաղը: Լինելով բարձունքում Թումանյանը երբեք բարձունքից չի նայել իր ժողովրդին, որովհետև սնվել է նրանից, ապրել նրա մեջ և խոսել նրա մասին: Թումանյանի ստեղծագործությունները միայն համաժողովրդական և համահայկական չեն, դրանք համամարդկային են»,- նշված է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում:

«Վրաստանի համար մեծ նշանակություն ունի, որ Հովհաննես Թումանյանի հոբելյանական ամսաթիվը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության օրացույցում: Վրաց հանրության համար նրա գործունեությունը կարևորագույն նշանակություն ունի: Նրա գործունեությունը վրաց և հայ հանրության էլ ավելի սերտ կապերի հիմք է»,- Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքը փոխանցելով՝ նշեց նախագահի աշխատակազմի ղեկավար Լաշա Ժվանիան:

Հյուրերի շարքում էին հասարակական և քաղաքական գործիչներ Վրաստանից, ինչպես նաև ՀՀ-ից ժամանած հոբելյանական հանձնաժողովի նախագահ, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը:

Նյութը՝ Aliq Media-ից