Արդեն երրորդ օրն է, ինչ Ախալքալաքում մեքենաների տեխզննման շարժական կենտրոնը սկսել է իր աշխատանքը: Վարորդները դժգոհում են ընթացակարգի երկար տեւողությունից, շատերն էլ անսարքությունների պատճառով տեխզննումը չեն անցնում:
Փետրվարի 11-ի երեկոյից, Վաչիանի մայրուղու վրա տեղակայված բենզալցակայանը, որտեղ գտնվում է մեքենաների տեխնիկական զննման շարժական կենտրոնը մարդաշատ է: Հավաքվածները ինքնուրույն կազմակերպել են հերթ, կազմել ցուցակ, եւ նրանցից մեկը վերահսկում է հերթը:
Շարժական կենտրոնը սկսում է իր աշխատանքը՝ ժամը 10: 00-ին, իսկ ժամը 9: 30-ից մարդիկ արդեն հավաքվում են:
«Ես առավոտվանից եկել եմ, հիմա արդեն ժամը 12:30 է, եւ մինչև հիմա ստուգվել է ընդամենը հինգ մեքենա, իսկ այս կանգնած մեքենան վեցերորդն է: Մանրակրկիտ ստուգում են ամեն ինչ, նույնիսկ նստատեղերի տակը: Եթե այսպես շարունակվի, ապա ստուգումը կտեւի մեկ ամիս: Ես ցուցակում 180-րդն եմ», – դժգոհում է վարորդներից մեկը, ով չուզեց ներկայանալ:
Շարժական կենտրոնում աշխատում է 6 աշխատող: Մեկ մեքենայի տեխզննումը տեւում է ավելի քան մեկ ժամ:
Մեր այցելության ժամանակ հերթը վերահսկում էր Արմեն Մովսիսյանը:
«Ես երբ վերջացնեմ իմ մեքենայի տեխզննումը, ցուցակը կփոխանցեմ մեկ ուրիշին: Մեկ մեքենայի տեխզննումը տեւում է 1 ժամ եւ 20 րոպե: Իսկ Ախալցիխեում այս գործընթացը տեւում է 20-30 րոպե: Գուցե դա աշխատողների անփորձությունից է, կամ էլ նրանք շատ մանրակրկիտ են ստուգում », – ասում է Արմեն Մովսիսյանը:
Արմեն Մովսիսյանն ունի երկու մեքենա: Դրանցից մեկը չի անցել տեխզննումը, քանի որ լուսարձակները չէին աշխատում եւ արտանետվող գազի քանակը գերազանցում էր թույլատրելի շեմը: Խնդիրը վերացնելու համար նրան մեկ ամիս ժամանակ է տրվել եւ այժմ նա սպասում է իր երկրորդ մեքենայի ստուգմանը:
Կենտրոնի կողմից նշված խնդիրները շտկելուց հետո երկրորդական տեխզննումն անվճար է, սակայն եթե վարորդը չվերացնի խնդիրները, ապա նա խախտման համար 50 լարիով կտուգանվի:
Սուրեն Ստեփանյանի մեքենան, արտանետման գազի ֆիլտրերի պատճառով, նույնպես չի անցել տեխզննումը:
Որքան մեքենա է անցել տեխզննում եւ քանի մեքենա դեռ չի անցել, մենք հստակ պատասխան չստացանք, ոչ շարժական կենտրոնի աշխատակիցներից, ոչ էլ հավաքվածներից:
«Green Way» ընկերության տնօրեն Մալխազ Նադիրաձեն համաձայն չէ այն կարծիքի հետ, որ նրանք դանդաղ են աշխատում:
«Երեկ մենք բացվել ենք փոքր-ինչ ուշ և սպասարկել ենք 8-9 մեքենա: Մինչ տեխնիկան տեղադրվեց, կարգավորումը կատարվեց, ծրագիրը ստուգվեց ահագին ժամանակ անցավ: Առաջին օրերին նման խնդիրներ միշտ էլ լինում են: Այժմ մինչեւ օրվա ավարտը մենք կսպասարկենք մոտ 15 ավտոմեքենա: Եթե մարդիկ մտածում են, որ որոշ խնդիրներ ունեցող մեքենան կանցնի տեխզննումը, սխալվում են », – ասում է Մալխազ Նադիրաձեն:
Շարժական կենտրոնն աշխատանքային օրերին աշխատում է մինչեւ ժամը 19: 00-ն: Շաբաթ օրը հնարավոր է աշխատի, իսկ կիրակի օրը կենտրոնի համար հանգստյան օր է:
Շուշան Շիրինյան