Կենսաքիմիական «Լուգար լաբորատորիայի» մասին զրույցները, վերջին 2 տարիների ընթացքում տակնուվրա է անում Վրաստանի տեղեկատվական դաշտը՝ պարբերաբար բռնկելով եւ հանկարծակիորեն մարելով, իր հետևից թողնելով լուրերի եւ կեղծիքների լայն դաշտ: Հենց դրանցից մեկի հետքերով «Jnews»-ը սկսեց հետաքննություն:

Ախալքալաք լուր հասավ, որ «Ճաճարակ գյուղում (գտնվում է Ախալցիխեի մունիցիպալիտետում), մի երեխա, որն իր ծնողների հետ Ռուսաստանից հյուր էր եկել, լողացել է գետում եւ նրա աչքերը ուռել են: Ասում են, որ պատճառը Օրֆոլոյի ռազմական հրաձգարանի մոտ գտնվող քիմիական լաբորատորիան է, որն իրականացնում է փորձարկումներ:

Այս տեղեկատվության հետքերով մենք գնացինք Ճաճարակ, որը գտնվում է Ախալցիխե քաղաքի հարևանությամբ:

Ախալցիխե տանող ճանապարհը Ճաճարակ գյուղը բաժանում է երկու մասի: Այստեղ հիմնականում հայեր են ապրում: Բնակիչները զբաղված են առօրյա գործերով, ինչ-որ մեկն անասուն է մորթում, իսկ մյուսները` մոտակայքում ճաճա են խմում: Հեռվում, կիրճով՝ կարծես պայծառ երկնագույն ժապավեն, հոսում է Մտկվարի (Քուռ) գետի վտակը, որի մյուս կողմում գտնվում է Օրֆոլոյի հրաձգարանը:

Orfolo
Օրֆոլոյի ռազմական հրաձգարանը գետի մյուս ափից

Ճաճարակի բնակիչներից հարցուփորձ անելով, մենք Ախալքալաք հասած պատմության որեւէ հաստատում չգտանք: Բնակիչներից ոչ-ոք չգիտեր, թե ինչի մասին է խոսքը, ոչ-ոք չէր լսել առեղծվածային լաբորատորիայի մասին: Սակայն Ճաճարակի որոշ բնակիչներ նշեցին, որ ինչ-որ նման մի բան տեղի է ունեցել մեկ այլ՝ Ուրավելի գյուղում, որը համեմատաբար այնքան էլ հեռու չի գտնվում:

Uraveli 1

Կիրճը եւ դեպի Ուրավելի գյուղ տանող ճանապարհը

Նեղլիկ, բետոնե ճանապարհով՝ կիրճի, լեռների եւ անտառների գեղեցիկ տեսարաններով, հասանք Ուրավելի գյուղ: Թուրքիայի հետ սահմանակից գյուղում վրացիներ են ապրում: Գյուղը փոքր է, այստեղ ընդամենը 200-250 ընտանիք է բնակվում: Բնակիչները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ:

Uraveli 2

«Ֆեյք»-ի հետքերը բերեցին Ուրավելի գյուղ

Երբեմնի բարգավաճող առողջարանային գյուղը չի պահպանել իր նախկին «շքեղությունը», սակայն տների խալրխլված, գեղեցիկ ճակատները, որոշ մաքրված բակերը եւ տեսարժան վայրերի ցուցանշանները վկայում են, որ գյուղն ինչ-որ մի ժամանակ դիմավորել է բազմաթիվ հյուրերի:

Uraveli 4

Ուրավելի գյուղի միջով է անցնում ճանապարհը դեպի Ագարայի վանքը եւ գյուղի Էնթելի տաճարի ավերակները

Գյուղում լողալուց տուժած տղայի պատմության մասին այս գյուղում չէին լսել:

«Մենք չգիտենք նման դեպքի մասին, որ երեխա է լողացել Ուրավելի գետում և քիմիայի պատճառով կամ ինչ-որ նման բանից վնասվածք է ստացել: Դա անհնար է, որ Ուրավելիում նման բան տեղի ունենար եւ մենք չիմանայինք այդ մասին», – ասում են դպրոցի բակում հավաքված տեղի բնակիչները:

Այս կերպ, մենք տուժած տղայի կամ Ախալցիխեի մոտակայքում ինչ-որ լաբորատորիայի մասին տեղեկությունների վերաբերյալ որևէ հաստատում չգտանք:

Նման դեպքերը հիշեցնում են «փչացած հեռախոս» խաղին, երբ տեղեկատվությունը փոխանցվում է մեկից մյուսին՝ ավելացնելով կամ պակասեցնելով ինչ-որ մի բան: Եթե որոշ դեպքերում դա կատարվում է անկանխամտածված, ապա մեկ ուրիշ դեպքերում որոշակի նպատակներ են հետապնդում:

«Կան սխալներ, որոնք բոլորն են թույլ տալիս, որովհետեւ մենք բոլորս էլ մարդիկ ենք: Դա տեղի է ունենում տարբեր պատճառներով՝ օպերատիվություն եւ այլն: Ֆեյքը ենթադրում է տեղեկատվության կեղծումը: Դա է տարբերությունը սովորական սխալից, որը բոլորը կարող են թույլ տալ: Եթե դա ֆեյք է, ապա հեղինակը, նախապես իմանալով դրա մասին, հատուկ սխալ է թույլ տալիս: Սա է էական տարբերությունը՝ սխալի եւ տեղեկատվության կեղծման միջեւ», – պարզաբանում է «Մեդիայի զարգացման հիմնադրամի» նախագահ Թամար Կինծուրաշվիլին:

Կեղծիք հասկացողությունը նորություն չէ: Ապատեղեկատվությունը միշտ օգտագործվել է: Կեղծ լուսանկար ստեղծելը դժվար չէր նույնիսկ Խորհրդային Միության ժամանակ, եւ այն ժամանակ էլ հեշտ էր լուսանկարից հեռացնել անցանկալի անձին:

Ֆեյքերը գողություն ունեին մինչ ֆոտոշոփը, պատերազմի ժամանակ, Հին Հունաստանում կիրառում էին խոսակցությունների տարածումը՝ թշնամուն մոլորության մեջ գցելու համար, եթե այն ժամանակ թռչունների միջոցով էին նամակներ ուղարկում, հիմա դա շատ ավելի հեշտ է, տեխնոլոգիան թույլ է տալիս անել ամեն ինչ: Տեղեկատվությունը կարելի է օգտագործել որպես զենք մարդկանց դեմ, ահա թե ինչու է դա կապված անվտանգության հետ եւ համարվում է հիբրիդային պատերազմի մաս», – բացատրում է մեդիա-վերլուծաբան Թամար Կինծուրաշվիլին:

 Ժողովրդական կոմիսար Նիկոլայ Եժովը, որը իրականացրել է 14,500 մարդու ռեպրեսիա, մեղադրվել է պետական դավաճանության մեջ եւ դատապարտվել մահվան: Եժովի մահից հետո նա հեռացվել է Ստալինի հետ լուսանկարներից:

Տեխնոլոգիական զարգացումը փոխեց ԶԼՄ-ների էությունը, գրեթե բոլորը լրագրողներ են կամ էլ քաղաքացիական լրագրողներ՝ առանց համապատասխան կրթության: Յուրաքանչյուր մարդ հեշտությամբ կարող է տեղեկատվություն տարածել սոցիալական ցանցերի միջոցով: Յուրաքանչյուրն ուղղակիորեն հասանելիություն ունի աղբյուրների հանդեպ եւ կարիք չկա վերստուգել տեղեկատվությունը, ի տարբերություն ավանդական լրատվամիջոցների, որոնք կարող են կորցնել հեղինակությունը:

Վրաստանում կեղծ տեղեկությունները հիմնականում վերաբերում են այն թեմաներին, որոնք խաղում են ժողովրդի ազգային զգացմունքների հետ, սակայն 2017-ին գերակայություն դարձան՝ արտաքին քաղաքականությունը, Եվրամիությունը եւ ՆԱՏՕ-ն: MDF-ի հետազոտող Սոփո Գելավայի կարծիքով, ամենատարածված կեղծ լուրերը շատ դեպքերում հակաարեւմտյան են եւ բխում են Ռուսաստանից:

«Կեղծ քարոզչության տարածումը իրականացվում է վրացական հարթակում եւ վրացերենով: Հիմնականում ոչ թե ռուսական հեռուստաալիքները, այլ վրացական կայքերն են տարածում: Ֆեյք լուրերը տարածելով` Ռուսաստանը գիտի, թե որ տարածաշրջանում, ինչպես ազդել բնակչության վրա: Օրինակ, Աջարիայում հաճախ տարածվում է, որ 2021 թվականին կավարտվի Կարսի համաձայնագիրը եւ Ռուսաստանը այլեւս չի հետեւի պայմանավորվածություններին, եւ Աջարիան կփոխանցվի Թուրքիային, սակայն սա ակնհայտ սուտ է, քանի որ այդ համաձայնագիրը ժամկետներ չունի: Չնայած դրան` «Վրաստանի Հայրենասերների Դաշինքը» իր նախընտրական քարոզարշավներում ակտիվորեն օգտագործում էր այս տեղեկատվությունը», – ասում է Սոփո Գելավան` նշելով, որ Սամցխե-Ջավախեթին ունի իր «հերթապահ» թեմաները:

«Նրանք նաեւ ազդում են Սամցխե-Ջավախեթիի բնակչության վրա` ասելով, որ եթե Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ, ապա թուրքական զորքերը կտեղակայվեն Ջավախեթիում, որը նույնպես ակնհայտ սուտ է: Մենք կարող ենք ենթադրել, որ նրանք ունեն հիմնական ուղղություն, որի վրա լավ աշխատում են: Այդպիսով ֆեյք լուրերը տարածվեց Վրաստանի համար կարևոր աղբյուրների ԱՄՆ-ի հետ համագործակցության առնչությամբ՝ Լուգարի լաբորատորիայի հետ կապված: Ռուսաստանը տարածում է տեղեկություն տարբեր սոցիալական ցանցերում այն մասին, որ Լուգար լաբորատորիան տարածում է վիրուսներ, որոնք հասնում են մինչև Ռուսաստան», – ասում է Սոփո Գելավան:

Հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնի մաս հանդիսացող՝ Լուգարի առեղծվածային լաբորատորիայի մասին տեղեկատվությունը, որ լաբորատորիան իբր վրացական քաղաքացիների վրա կիրառում է կենսաբանական զենք՝ հասել է մինչև Ախալքալաք: Բնակչությունը, որն ռուսական եւ հայկական լրատվամիջոցների ազդեցության տակ է գտնվում, արագ յուրացրեց այս «լուրը»:

«Դուք տեսե՞լ եք, թե ինչ է տեղի ունենում Թբիլիսիում: Ասում են, որ գոյություն ունի կենսաքիմիական լաբորատորիա, եւ նրանք փորձարկումներ են անցկացնում, հեպատիտ C-ի համար դեղորայքի տեսքով և փորձարկումներ են անցկացնում բնակչության վրա: Դա ցույց են տվել ռուսական առաջին ալիքով: Այո, ես հավատում եմ դրան, հակառակ դեպքում ի՞նչ շահ ունեին ամերիկացիները այստեղ լաբորատորիաներ հիմնելու», – ասում է Ախալքալաքի բնակիչ Գայանեն (անունը փոխվել է հարցվողի խնդրանքով):

Uraveli 5

Կեղծ տեղեկությունը ինքնին խրտվիլակ է թռչունների համար: Ազդեցության միջոցը նույնն է՝ վախ առաջացնել, պահվածքը փոխելու համար:  

Նման դեպքերում, այն մարդուն՝ ով քարոզչության ազդեցության տակ է գտնվում, դժվար է ապացուցել հակառակը, որ ոչ բոլորն է ճշմարիտ, ինչը ցուցադրում են լրատվամիջոցները: Հիմնականում, մարդկանց մեծ մասը ուշադրություն չի դարձնում մանրուքներին: Օրինակ, եթե ցուցադրվում է լաբորատորիայի շենք, ապա ինչպես կարելի է վստահ լինել, որ դա հենց Թբիլիսիում գտնվող Լուգարի լաբորատորիան է, կամ եթե ցուցադրվում է փորձարկումների կադրեր, ապա որտեղ է դա տեղի ունենում եւ ում վրա են կատարվում այդ փորձարկումները: Եթե պնդում են, որ կան տուժածներ, ինչու նրանց չեն ցուցադրում սյուժեներում: Ապացույցների բացակայությունը չի շփոթեցնում հասարակ մարդկանց:

Քաղաքի բնակիչ Լեւոն Հարությունյանը, ի տարբերություն Ախալքալաքի բնակիչների մեծամասնության, լուրերը դիտում է երեք երկրների հեռուստաալիքներով՝ Վրաստանի, Հայաստանի եւ Ռուսաստանի:

«Ես դիտում եմ ինչպես ռուսական, այնպես էլ հայկական եւ վրացական հեռուստաալիքները: Տարբերություն կա, բայց չնչին: Գիտեմ Լուգարի լաբորատորիայի մասին, որ կա Վրաստանում, Հայաստանում եւ Ադրբեջանում: Հավատում եմ, թե՞ ոչ: Մեծ հավանականությամբ՝ այո: НТВ-ով դիտել եմ մի հեռուստահաղորդում, այնուհետեւ ցույց տվեցին, որ փորձարկումները կատարվում են մարդկանց վրա, եւ կան շատ մահացածներ, իսկ վրացական ալիքները ցույց էին տալիս մարդկանց՝ սպիտակ բաճկոններով, որոնք փորձարկումներ էին կատարում առնետների վրա եւ ցույց էին տալիս լաբորատորիան», – ասաց Լեւոն Հարությունյանը:

«Լուգարի լաբորատորիայում», այսինքն` Հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնում, ասում են, որ ապատեղեկատուներն ու կեղծիքների հեղինակները չեն կարող պատկերացնել, որ տեխնոլոգիական ախտորոշիչ լաբորատորիան ծառայում է Վրաստանում հասարակական առողջապահության շահերին եւ մարտահրավերներին: Այստեղ նրանք գիտեն եւ հետևում են կեղծիքներին, բայց նրանք չեն պայքարում դրանց դեմ:

Ապատեղեկատվությունն ու ֆեյքերը մակերեսային գիտելիքների տեր անձանց համար «Լուգարի լաբորատորիայի» փաստացի փոխում են բովանդակությունը: Լաբորատորիան չի պայքարում «ֆեյք-լուրերի» համար՝ պոպուլիստական եւ գաղափարախոսական ճակատներում: Այն Վրաստանում հանրային առողջության ամենաբարձր բաղադրիչի (NCDC) լաբորատոր-ախտորոշիչ մասն է հանդիսանում եւ ունի նպատակներ եւ իր առջև դրված խնդիրներ՝ բնորոշ հանրային առողջության կառուցվածքային միավորին: Լուգարը ժամանակակից եւ նորագույն հետազոտական կենտրոն է համարվում եւ միշտ աշխատելու է հասարակական առողջության համար, հենց այդ փաստի տարածումն իրականացնում է Կենտրոնի ղեկավարությունը», – ասաց կենտրոնի մամուլի ծառայության ներկայացուցիչ Նինո Մամուկաշվիլին:

Dezinformatsiyai «fal’shi
televizorkompyuter

Ախալքալաքում հիմնականում դիտում են հայկական եւ ռուսական հեռուստաալիքները, եւ Վրաստանի մասին լուրերն իմանում են այդ ալիքների միջոցով:

Հիբրիդային պատերազմի դարաշրջանում ԶԼՄ-ների հանդեպ ավանդական վստահությունը երբեմն դաժան կատակ է: Հարց է առաջանում, արդյո՞ք Վրաստանը պայքարում է «նոր պատերազմի» այս դաշտում եւ ինչպե՞ս:

«Ֆորմալ ձեւով գոյություն ունի հայեցակարգ եւ ռազմավարական հաղորդակցության պլան, բայց որքանով արդյունավետ է այն, ինչը գրված է թղթի վրա՝ սա մեկ այլ հարց է: Բոլորն էլ կեղծիքի ազդեցության տակ են ընկնում, եթե քաղաքականություն գոյություն չունի, չկա այլընտրանքային տեղեկատվություն… «Սրբատեղին դատարկ չի մնում», – ասում է MDF-ի նախագահ Թամար Կինծուրաշվիլին:

Ինչպես կարող եք սահմանափակել Ձեզ կեղծ տեղեկություններից, յուրաքանչյուրը որոշում է անձամբ: Լսվածն ու տեսածը կարելի է տարբեր աղբյուրներից վերստուգել կամ էլ ուշադիր լինել մանրուքներին: Սակայն, երբ խոսքը վերաբերում է տեղեկատվությանը, հեռուստադիտողները կուրորեն վստահում են ԶԼՄ-ներին, իսկ պետության ռազմավարությունը դեռևս մնում է թղթի վրա:

Քրիստինե Մարաբյան