ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 8-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:

Խորհրդարանի ղեկավարը, փաստելով հայ եւ վրացի ժողովուրդների ավանդական բարեկամությունն ու պատմական խորը արմատները, ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու լայն հնարավորություններ  կան: Այս մասին հայտնում է parliament.am կայքը:

Գիորգի Սագանելիձեն Արարատ Միրզոյանին է փոխանցել Վրաստանի խորհրդարանի ղեկավարի շնորհավորանքն ու բարեմաղթանքները` ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Դեսպանը, կարեւորելով  խորհրդարանական դիվանագիտության դերը, անհրաժեշտ է համարել երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ ակտիվ համագործակցությունը, փոխայցերն ու փորձի փոխանակումը:

Գիորգի Սագանելիձեն համոզմունք է հայտնել, որ հայ եւ վրացի խորհրդարանականներն իրենց ներդրումը կունենան երկկողմ բարիդրացիական հարաբերությունների առավել զարգացման գործում:

Կողմերը երկուստեք անհրաժեշտ են համարել երկու երկրների միջեւ խորհրդարանական կապերի ակտիվացումը ոչ միայն պատգամավորական բարեկամական խմբերի մակարդակում, այլեւ միջազգային խորհրդարանական կառույցներում:

Զրուցակիցները, անդրադառնալով հայ-վրացական կապերի առավել խորացմանն ու սերտացմանը, վստահություն են հայտնել, որ երկու երկրների ու ժողովուրդների միջեւ գոյություն ունեցող եղբայրական հարաբերություններով պայմանավորված` խորհրդարանական երկխոսությունն ամուր հիմք կլինի համագործակցության առավել ամրապնդման համար: