Փետրվարի 8-ին, Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կայացավ Արեւելյան գործընկերության տարեկան  6-րդ համաժողովը: Կոնֆերանսի թեման այս տարի «Մարտահրավերներ, ընդհանուր լուծումներ. Արեւելյան գործընկերության անցյալը, ներկան և ապագան» էր:

Համաժողովին ներկա էին 158 հյուրեր Եվրամիության եւ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաեւ 6 գործընկեր երկրներից` Վրաստանից, Հայաստանից, Ադրբեջանից, Մոլդովայից, Ուկրաինայից և Բելառուսից:

Համաժողովին մասնակցում են՝  դիվանագիտական առաքելություններ, հասարակական կազմակերպություններ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, հետազոտողներ, իրավապաշտպաններ: Բանախոսների շարքում էին  նաև ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Վրաստանի նախկին վարչապետ, արտաքին գործերի նախարար՝ Միխեյիլ Ջանելիձեն:

Համաժողովը բաղկացած էր երեք մասից: Առաջինը՝ «Էվոլյուցիայի տասնամյակ, արեւելյան գործընկերության վերջին տասը տարիները»: Հաջորդ մասը՝ «Եվրոպան սկսվում է տանը՝ զարգացող տարածաշրջանային ԶԼՄ-ները Արեւելյան գործընկերության երկրներում եւ ժողովրդավարության ապահովումը, Արեւելյան գործընկերության երկրներում կոռուպցիայի դեմ պայքարը»: Երրորդ մասը՝  «Արեւելյան գործընկերության ապագան 2020-ից հետո»:

Համաժողովի ընթացքում խոսվել է Արեւելյան գործընկերության 10 տարվա գործունեության արդյունքների մասին, 6 երկրներից յուրաքանչյուրի միանալու կամ համագործակցելու ցանկության մասին, երիտասարդական ծրագրերի, վիզայի ազատականացման  մասին, եւ այլ տնտեսական ու քաղաքական, ինչպես դրական, զարգացող, այնպես էլ բացասական եւ պասիվ արդյունքների մասին: Խոսվել է նաև Եվրամիության ներքին մարտահրավերների մասին, ինչպես նաեւ միգրացիայի, Բրեքսիթի եւ ընտրությունների մասին: Նաեւ Ռուսաստանի գործոնի մասին, որը տարբեր հարաբերություններ ունի Արեւելյան գործընկերության 6 երկիր-գործընկերների հետ:

Վերջում մասնակիցներին ներկայացվեց բոլոր 6 երկրներում գործունեության փորձագիտական  վերլուծություն եւ առաջարկություններ արվեցին, թե ինչը կլինի օգտակար եւ ինչ է հնարավոր  անել ապագայում:

Ավելի մանրամասն, թե ինչի մասին է խոսվել համաժողովում, Արևելյան գործընկերության եւ շատ այլ բաների մասին, Jnews.ge-ը առաջիկայում կհրապարակի նյութեր Տալլինից: