Վերջին ամիսներին Ախալքալաքում ակտուալ քննարկման թեմա է դարձել Facebook և Instagram սոցիալական էջերում կեղծ պրոֆիլները, որոնք իրականի անունից նրա ընկերների հետ նեղ անձնական, հաճախ ինտիմ բնույթի խոսակցություններ են վարում: IT մասնագետները խորհուրդ են տալիս զգուշություն ցուցաբերել և դիմել իրավապահ մարմիններին:

Մեր զրուցակիցներից միջին տարիքի մի կինը, ում անուն ազգանունը չենք հրապարակում նրա անվտանգության տեսանկյունից, պատմում է.

«Բարեկամներս, ընկերներս ինձ ճանաչում են, գիտեն ինձ և բոլորը զարմացած են մնացել թե ինչ եմ գրել իրենց: Իմ անունից գրել էին, որ իմ տղան իմ ննջասենյակի դռնից ներս է նայում, իմ վրա աչք ունի և այլն: Մի խոսքով աբսուրդ բաներ, որոնք նորմալ մարդու ուղեղի մեջ չեն տեղավորվում», – նշեց նա, ում անունով ընդամենը 10 օր առաջ Ինստագրամում կեղծ պրոֆիլ էր բացվել:

Կեղծ պրոֆիլը նույն անունով է բացված եղել, այնտեղ ընդամենը մեկ գիծ (_) է ավել եղել, ինչը շատերը նույնիսկ չեն նկատել: Իրական պրոֆիլի հասցեատերն է ուշադիր նայել ու հասկացել, որ ընդամենը մեկ գծի տարբերություն է:

«Իրենք որոշ բաներ մտածված են անում, բայց շատ անկայուն վարքագիծ են դրսևորում: Որդուս ընկերն իմ անունով նամակ էր ստացել, սկզբից զարմացել է, հետո ասել որդուս: Տղաս անմիջապես գրել էր այդ կեղծ պրոֆիլին, որը վախից րոպեներ անց ջնջել էր պրոֆիլը: Այս մարդիկ փորձում են շատ նուրբ հարցերով հոգեպես ազդել», – պատմեց մեր զրուցակիցը:

Վերջինս լուրջ չի վերաբերվում նմանատիպ բաներին, սակայն խնդրի մասին բարձրաձայնում է զուտ նրա համար, որպեսզի նմանատիպ դեպքերը շարունակական բնույթ չկրեն:

Մեկ ուրիշ օգտատեր պատմում է, որ ֆեյսբուքյան իր էջին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի էջից են գրել: Վերջինս ստուգել է և տեսել, որ ֆեյք էջ է:

«Բախտաձեն նոր էր վարչապետ ընտրվել, instagram-ի էջից ինձ գրեց, որ ուզում է իմ հետ ծանոթանալ: Բայց քանի որ վրացերեն էր գրում և Google translate վրացերեն էր, հասկացա, որ ինչ որ բան այն չէ: Երբ ես գրեցի, որ իրեն քրեական գործ է հասնում պաշտոնյայի անունով էջ բացելու համար, 10 րոպե անց ջնջվեց: Ես մարդկանց խորհուրդ եմ տալիս, որ ուշադիր լինեն և ամեն ինչի չհավատան», – պատմեց մեկ այլ օգտատեր:

Նման հանցագործությունները դատապարտելի են Վրաստանի քրեական օրենսգրքով:
Օրինակ. Քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի երկրորդ մասը նախատեսում է պատիժ` անձնական տվյալների և անձնական կյանքի մասին տեղեկատվության ապօրինի օգտագործման և տարածման, այդ թվում` ինտերնետ ռեսուրսների: Նման արարքի համար Վրաստանի քրեական օրենսգիրքը նախատեսում է տուգանք և ուղղիչ աշխատանքներ 2 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ, առավելագույնը 2 տարի ժամկետով: Եթե հանցագործությունը կատարվել է մի խմբի կամ անձի կողմից, ով չարաշահել է պաշտոնը, կամ, եթե հանցագործությունը կատարվել է տարբեր ձևերով, ապա պատիժը ավելի խստանում է, և կարող է հասնել մինչև 5 տարվա ազատազրկման:

Կիբերանվտանգությունը Վրաստանում ապահովում են 285 և 286 հոդվածները, 157-րդ հոդվածի 2-րդ մասը, 151-րդը և այլն:

Մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստները պնդում են՝ ինտերնետ անվտանգության կարելի է հասնել, եթե յուրաքանչյուր քաղաքացի, ով ենթարկվում է սպառնալիքների և շանտաժի, դիմի իրավապահ մարմիններին:

Վրաստանի Քրեական օրենսգրքի 151-րդ հոդվածը փոխվեց, փոփոխություններն ուժի մեջ մտան 2017 թվականի հունիս ամսից, այնտեղ ասվում է.

«Մարդու ապօրինի հսկողությունը, նրա ընտանիքի անդամների, ընկերների, ուղղակիորեն կամ երրորդ կողմի միջոցով, ինչպես նաև ստիպել, անցանկալի հաղորդակցությունների հեռախոսով, ինտերնետով կամ այլ կապի միջոցներով, նման գործողությունները պատժվում են օրենքի համաձայն, կամ ուղղիչ աշխատանքներով, 120-ից 140 ժամ, կամ ազատազրկմամբ, առավելագույնը 2 տարի ժամկետով»:

Եթե նույն իրավախախտումը կատարվել է անչափահասի նկատմամբ, որը գտնվում է անպաշտպան վիճակում, հաշմանդամ կամ հղի անձի, կամ, եթե տվյալ հանցագործությունը կատարվել է մի խմբի կողմից կամ այլ ծանրացուցիչ հանգամանքներում, ազատազրկումը նախատեսվում է 2-ից 5 տարի:

Շատերը թաքցնում են, որ իրենք շանտաժի են ենթարկվում, սպառնալիքների, կամ տհաճ հաղորդակցության, մտածելով, որ ինտերնետում է, ուրեմն՝ նորմալ է: Նրանք հաճախ գտնում են պաշտպանման ուղիներ, ինչպիսիք են թաքցնել պրոֆիլը կամ ջնջել պրոֆիլից տհաճ անձին «ընկերների» շարքից:

Սոցիալական ցանցերում կեղծ ակաունտների կողմից սպառնալիքներից ու շանտաժից խուսափելը շատ ավելի բարդ է, քան կարելի է ենթադրել: Պաշտպանված լինելու համար սոցիալական ցանցերում պարզապես նախքան «ընկերանալը» օտարների հետ, պետք է նախապես ստուգել պոտենցիալ ընկերոջ պրոֆիլը:

Ըստ IT մասնագետ Կոնստանտին Ստալինսկիի, շատ կարևոր է օգտատերերի ինքնագիտակցությունը ինտերնետ միջավայրում բարձրացնել, որպեսզի որոշ մարդկանց «թակարդում» չհայտնվեն:

«Մարդիկ պետք է ուշադիր լինեն ինտերնետում, անձնական տվյալներ հրապարակելուց հնարավորինս զգույշ լինեն: Եթե հեռախոսով են մտնում, այդ կեղծ պրոֆիլները, գրեթե անհնար է պարզել թե ովքեր են, քանի որ եթե համակարգիչը ունի հիմնական IP-ի հասցե, հեռախոսը ամեն անգամ նոր IP-ի է տալիս: Տարբերակներից մեկն այն է, որ մշտապես բլոկ անեն և բողոք գրեն, սակայն սա էլ խնդրի վերջանական լուծում չէ, քանի որ նման մարդիկ ունենում են տարբեր պրոֆիլներ», – ասաց Կոնստանտին Ստալինսկին:

Աղունիկ Այվազյան