Անընդհատ, տարբեր տեղերից պայթող ջրատարը բողոքի պատճառ է դարձել Նինոծմինդայի շրջանի Սպասովկա գյուղի բնակիչների համար:

Խմելու ջուրը փողոցով է հոսում: Բնակիչները ստիպված աղտոտ ջուր են խմում: Պատճառը հին, շարքից դուրս եկած ջրատար խողովակաշարը չէ: Սպասովկա գյուղում անցած տարի է նոր ջրատար անցկացվել: Սակայն մեկ տարվա ընթացքում ջրատար խողովակները հասցրել են մի քանի անգամ պայթել՝ առաջացնելով բնակչության «դժգոհությունը»: Եվ բնակիչները, և ղեկավարները ջրատարի շինարարությունն իրականացրած ընկերությանը մեղադրում են՝ անորակ խողովակաշար անցկացնելու մեջ:

«Մեր խնդիրը խմելու ջուրն է: Անցած տարի Սպասովկա գյուղում ջրատար անցկացրին: Նրանք, ովքեր հայտարարված մրցույթը շահեցին անբարեխղճորեն են կատարել իրենց աշխատանքը: Ամեն օր վերանորոգում ենք, դրա համար էլ աղտոտ ջուր է հոսում: Երկրորդ օրը խողովակը մեկ այլ տեղից է պայթում, որովհետև անորակ խողովակներ են: Զանգում ենք, խնդրում, որ գան տեսնեն, թե ինչ են արել, սակայն հեռախոսը նույնիսկ չեն վերցնում: Մենք գրությամբ դիմել ենք վարչությանը: Վարչության նախագահը խոստացավ և եկավ գյուղ, զանգեցին այդ մարդուն: Վերջինս, ով խողովակաշարն է անցկացրել պատասխանատվությունն իր վրա վերցրեց և խոստացավ ուղղել իր սխալը»,- ասաց Սպասովկա գյուղից ընտրված Նինոծմինդայի շրջանային ժողովի պատգամավոր Ջոնի Բերիձեն:

Ինչպես պարզվեց այս ընկերության իրականացրած աշխատանքը ոչ միայն անորակ է, այլև ճանապարհներն էլ են փչացրել:
«Դուրս է գալիս, երբ վերանորոգման աշխատանքներ կամ այլ ծրագիր է իրականացվում գյուղում՝ գյուղացիները պետք է հետևեն, թե ինչպես են իրականացվում այդ աշխատանքը: Բանից դուրս է գալիս, որ հաղթում են հայտարարված մրցույթում և անբարեխղճորեն են կատարում աշխատանքը: Դուրս է գալիս, որ պետական գումարներն անիմաստ են ծախսվում և բնակչությունն ամեն տարի նույն խնդիրների առջև է կանգնում»,- ասաց Ջոնի Բերիձեն:

Սպասովկա գյուղի բնակիչների խոսքերով մեղավորը “New Project” ընկերութունն է, որը անորակ խողովակաշար է անցկացրել: Տեղական իշխանությունները հաստատում են, որ ջրատար խողովակաշարի միացումներն անորակ է արված:

«Ես հասկանում եմ, ինչի մասին է խոսքը: Այո, Սպասովկա գյուղի բնակիչների դիմումը կա, որի տակ ստորագրել է 39 մարդ: Մենք էլ գիտենք, որ այդտեղ խնդիր կա, հիմնական ջրատար խողովակաշարը ջուր է թողնում: Ծրագիրն իրականացրել է “New Project” ընկերությունը՝ Դավիթ Չաչանիձեի գլխավորությամբ: Մենք խնդրի մասին տեղեկացրել ենք, թե բանավոր, թե գրավոր: Նրանք աշխատում են թերությունները վերացնել: Հույս ունենք, որ ժամանակին թերությունները կուղղվեն և մարդիկ կհանգստանան: Վերանորոգման բոլոր աշխատանքներն իրականացնելու է նույն ընկերությունը, քանի որ ծրագիրը 2 տարի ուժի մեջ է: Եվ, եթե ընկերության կատարած աշխատանքի պատճառով թերություններ են առաջ գալիս, ապա վերջիններս են պատասխանատու»,- ասաց Նինոծմինդայի շրջանի ենթակառույցների ծառայության ղեկավար Ռուբեն Ղազարյանը:

Սակայն հարց է, թե ընկերությունն ինչպես է վերացնելու անորակ իրականացրած գործի թերությունները: Եվ արդյո՞ք կվերացվեն բոլոր թերությունները, որպեսզի Սպասովկա գյուղի բնակիչները առիթ չունենան բողոքելու տեղական իշխանություններին:

Բորիս Ղարսլյան