Վրաստանում գրանցված ավտոմեքենաների սեփականատերերին կպարտավորեցնեն ապահովագրել իրենց տրանսպորտային միջոցները: Այս մասին ասվում է «Վրաստանի տարածքում գրանցված տրանսպորտային միջոցների սեփականատերերի քաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» փոփոխությունների համապատասխան օրինագծում, հաղորդում է հանրային հեռուստաընկերությունը:

Փոփոխությունները նախատեսվում է նախաձեռնել խորհրդարանի բյուրոյի այսօրվա նիստում:

Փոփոխությունների համաձայն, քաղաքացիական պատասխանատվության գրանցման ժամանակ ապահովագրական կողմը պարտավորվում է վճարել նյութական վնասի կամ կորստի փոխհատուցումը՝ տուժող վարորդին կամ տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը, որը հասցվել է կյանքին, առողջությանը կամ գույքին:

Օրինագծում նշված է, որ պարտադիր ապահովագրության ձեռքբերումը հնարավոր է ապահովագրական ընկերություններում, ապահովագրության գործակալներից կամ բրոքերներից, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով:

Եթե վարորդը չի կնքում քաղաքացիական պատասխանատվության ապահովագրություն, ապա նա կտուգանվի:

Օրինագծի հինգերորդ հոդվածը սահմանում է տրանսպորտային միջոցների կատեգորիաների նվազագույն եւ առավելագույն գները:

ա) Մոտոցիկլետների համար, որոնց աշխատանքային շարժիչի ծավալը 50 խ.սմ -ից բարձր է` 75.00-110 լարի:

բ) Թեթև մարդատար ավտոմեքենաների համար, որոնց թույլատրելի զանգվածը 3500 կգ. է, իսկ նստատեղերի քանակը (բացի վարորդի նստատեղից) չի գերազանցում ութը՝ 100-150 լարի:

գ) Ավտոբուսների համար, որոնց նստատեղերը (բացի վարորդի նստատեղից) գերազանցում է ութը՝ 160-240 լարի:

դ) Բեռնատարների համար, որոնց թույլատրելի զանգվածը գերազանցում է 3 500 կգ-ն՝ 210-310 լարի:
ե) Կցորդով ավտոմեքենաները` 50-75 լարի:

զ) Գյուղատնտեսական մեքենաների և հատուկ ինքնագնաց մեքենաների համար` 60-90 լարի:

Դրա հետ մեկտեղ, տուգանքի արձանագրումից հետո վարորդին կտրվի 72 ժամ քաղաքացիական պատասխանատվության ապահովագրության գրանցման համար: Եթե այդ ժամանակահատվածում ապահովագրությունը չկնքվի, ապա վարորդը կրկին կտուգանվի:

Օրինագծի համաձայն, ապահովագրվելու պարտականությունը չի տարածվի Վրաստանի Պաշտպանության ուժերի տրանսպորտային միջոցների, ինչպես նաեւ ռազմական նպատակներով օգտագործվող տրանսպորտային միջոցների (բացառությամբ ավտոբուսների, ավտոմեքենաների եւ տնտեսական տրանսպորտային միջոցների) վրա:

Նշված է, որ ապահովագրավճարների սահմանման ժամանակ հաշվի են առնվել նաեւ Համաշխարհային բանկի մասնագետների կողմից Վրաստանում թեթև մարդատար ավտոմեքենաների վիճակագրության ցուցանիշների հիման վրա հաշվարկված եւ տրամադրված տվյալները: