Ախալքալաքի Հասարակական Առողջապահության Կենտրոնը (ՀԱԿ), գեղեցկության սրահների ստուգման ժամանակ խախտումների հայտնաբերման դեպքում, արդեն կարող է տուգանել դրանց սեփականատերերին:

Տեղական Կենտրոններին նման լիազորություններ տալու նախաձեռնությունը պատկանում է Վրաստանի Առողջապահության նախարարությանը: Այսօր, փետրվարի 4-ին, Ախալքալաքի Սակրեբուլոյի նիստի ժամանակ այդ լիազորությունները հաստատվեցին Սակրեբուլոյի պատգամավորների ձայների մեծամասնությամբ:

Նման փոփոխությունը կատարվել է Հեպատիտ C-ն կանխարգելելու համար:

ՀԱԿ-ի աշխատակիցները համապատասխան խախտումներ հայտնաբերելու դեպքում, արդեն իսկ կարող են արձանագրություն կազմել: Տուգանքներն արձանագրվում են, եթե խախտվել է ավելի քան 20 չափանիշ, որոնք սահմանված են Առողջապահության նախարարության կողմից:

Եթե ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը համաձայն չեն տուգանքի հետ, ապա նրանք նույն օրը պետք է դիմեն դատարան: Անհատ ձեռներեցների համար տուգանքը կազմում է 50 լարի, իսկ ֆիզիկական անձանց համար՝ 100 լարի:

Լիազորություններն այսօրվանից՝ Սակրեբուլոյի հաստատման պահից ուժի մեջ են մտել:

Շուշան Շիրինյան