Ախալքալաքի մունիցիպալիտետում  երբեմնի  զարգացած փոքրածավալ ֆերմերությունը   անկում է: Միջին և խոշոր կաթի և կաթնամթերքի արտադրողները չեն փորձում ընդարձակվել ու օգտվել Վրաստանի համար բաց եվրոպական շուկայից, քանի որ այս փուլում նրանք չեն կարող համապատասխանեցնել իրենց արտադրանքը եվրոպական չափանիշներին:

panir2

Մի քանի տարի առաջ Շուշան Գալստյանը գրեթե ամեն առավոտ Խոսպիոյից  շշերով կաթ էր տանում Ախալքալաք վաճառելու: Տնե տուն կաթը բաժանում էր իր հաճախորդներին : Հիմա նա արդեն կաթը չի վաճառում, հավաքում է այն ու ընտանիքի համար պանիր է պատրաստում,   երբեմն էլ  այն փոխանակում է տարբեր ապարնքների, բանջարեղենի և մրգերի հետ: Առաջ նա ուներ   հինգ կով, այսօր ունի միայն մեկը: Կաթնարտադրությունն անշահավետ է դարձել, որդին մեծացել է և օգնում է   ընտանիքին:

Շուշան Գալստյանը 1 կգ  պանիրը վաճառում է 7 լարիով,իսկ  3 լիտր կաթը՝  5 լարիով:

Նախկինում Ախալքալաքի մունիցիպալիտետի յուրաքանչյուր գյուղում ամեն ընտանիք ավելի քան երկու կով էր պահում: Այսօր կան գյուղեր, օրինակ՝ Կուլիկամը, Բարալեթը, որտեղ ընտանիքների մեծամասնությունը ընդհանրապես կով չի պահում: Իսկ նրանք, ովքեր պահում են՝ առավելագույնը մեկ կամ երկու կով, քանի որ անասնապահությունը պահանջում է անընդհատ ծանր աշխատանք, և շատ եկամուտ չի տալիս: Շատ ընտանիքներ հրաժարվում են կովերից, համարելով, որ   ավելի շահավետ է կաթը գնել, քան մշտապես կերակրել կովին ու քրտնաջան աշխատել առավոտից մինչև երեկո:

Ախալքալաքի Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության Տեղեկա-խորհրդատվական կենտրոնի տեղեկությամբ, հիմնականում անասնապահությամբ զբաղվում են Ազավրեթ, Բարալեթ, Դիլիսկա, Սուլդա, Կարտիկամ տարածքային շրջաններում:

panir1

Ախալքալաքի մունիցիպալիտետում, ըստ մոտավոր տվյալների, կա 29 866 գլուխ անասուն , որոնցից 19 561-ը կաթնատու կովեր են:

Այնուամենայնիվ, որոշ ընտանիքներ գոյատևում են հենց կաթի արտադրության միջոցով: Արդեն կես տարի է, ինչ  այն մարդիկ, ովքեր ցանկանում են վաճառել կամ գնել պանիր ու այլ կաթնամթերք, կարող են դա անել Ախալքալաքի գյուղատնտեսական շուկայի մսի և կաթնամթերքի տաղավարում: Առաջ այդ մթերքները, ցանկացած եղանակին, վաճառվում էին անմիջապես  Ռուսթավելի փողոցի  մայթին, քաղաքի կենտրոնում:  Իսկ հիմա, երբ առևտրի համար պայմանները բարելավվել են, գնորդներն ու վաճառողները քչացել են:

shukapanir

Վարդուհի Թոփուզյանը   շուկայում մշտապես պանիր է վաճառում : Նա  վաճառում էր նաև  «հին շուկայում»՝ մայթերի վրա:

«Այստեղ մեզ տալիս են   չեկ, եթե չեկ չտան, ապա ես կաթ   վաճառելու իրավունք չեմ ունենա: Անասնաբույժը գալիս է մեր գյուղ, կովերից արյուն է վերցնում և բրուցելոզի համար ստուգում: Այս մթերքները՝ կաթը, պանիրը, կարագը, մենք ինքներս էլ ենք  օգտագործում, եթե դրանք վտանգավոր լինեին, ապա մենք չէինք օգտագործի: Ընդհանրապես, ես ուզում եմ ստուգել կաթն ըստ բոլոր ցուցանիշների, բայց չգիտեմ, թե որտեղ  դա անել », – ասում է Վարդուհի Թոփուզյանը:

Կորխ գյուղից Վարդուհի Թոփուզյանն ունի 12 կով: Նա ցանկանում է իր պանիրը արտահանել Վրաստանից: Վարդուհին տարբեր տեսակի պանիր է պատրաստում և վաճառում դրանք 1 կգ-ը 7 լարիից մինչև 15 լարի:

 «Ես ուզում եմ սերտիֆիկատ ստանալ, որպեսզի կարողանամ վաճառել իմ պանիրը խանութներում և սուպերմարկետներում, բայց չգիտեմ, թե որտեղ են դա տալիս, և ինչպես կարող եմ դա ստանալ», ասում է Վարդուհի Թոփուզյանը:

Վկայագիրը ( սերտիֆիկատ )այն փաստաթուղթն է, որը տրվում է պետությունից կաթնամթերքի արտահանման համար:

Սննդամթերքի ազգային գործակալության Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանային բաժանմունքի աշխատակից Լիա Բեքաուրին ասում է, որ վկայագրի ձեռքբերման համար անհրաժեշտ են մի շարք փաստաթղթեր:

 «Նախևառաջ, արտադրությունը պետք է գրանցված լինի որպես գործարար-օպերատոր, պարտադիր է ճանաչման կոդի  և պիտակի առկայությունը: Պիտակի վրա պետք է լինի տեղեկություն ապրանքի բաղադրության, պիտանելիության ժամկետի, այն պայմանների մասին, որոնցում պիտի  պահվի այն », – ասում է Լիա Բեքաուրին:

sir2

Կաթն ու կաթնամթերքը խանութներում և սուպերմարկետներում վաճառքի հանելու համար, փոքրածավալ արտադրողը պետք է ունենա տեղեկանք, որ կենդանին հետազոտված է բրուցելյոզի դեմ,  պետք է գրված լինի նաև ֆերմերի անունը: Իսկ ավելի խոշոր արտադրանքի դեպքում պետք է  անպայման ունենա գործարար-օպերատորի գրանցումը և  ճանաչման ստուգումը, դրանից հետո ստանում են կոդը, որը փոխադրվում է պիտակի վրա:

Ախալքալաքի շուկայում կաթնամթերքը վաճառվում է առանց պիտակավորման և առանց լաբորատոր հսկողության: Գյուղատնտեսական շուկայի տնօրեն Արարատ Սահարյանն ասում է, որ շուկայում կա անասնաբույժ, բայց լաբորատորիա չունեն:

«Մթերքները ստուգվում են աչքով , առանց որևէ սարքի, անասնաբույժը նայում է մթերքի գույնին, թթված է, թե ոչ: Իհարկե, լավ կլիներ, եթե լաբորատորիա ունենայինք, բայց դրա ձեռքբերման  համար միջոցներ չունենք », ասում է Արարատ Սահարյանը:

Կաթի վերահսկումն  իրականացվում է Սննդամթերքի ազգային   գործակալության կողմից, տարին մեկ անգամ բրուցելյոզի համար կովերի հետազոտությամբ:

Արմեն Աջամողլյանն աշխատում է Անվտանգ պարենամթերքի ազգային գործակալության Ախալքալաքի գրասենյակում: Նա անասնաբույժ է և սպասարկում է մունիցիպալիտետի 10 գյուղեր՝ Կորխ, Թոթխամ, Արագվա, Օրջա, Կուլիկամ և այլն:

 «Մենք տեղում ոչինչ չենք ստուգում,   տանում ենք Ախալցիխե : 2018 թ-ի աշնանը շրջանում դերմատիտ էր տարածվել, գյուղացիները դեղերը  գնում էին, մենք ներարկում էինք: Մեզ կանչում են նաև այն ժամանակ, երբ կովերը թունավորվում են այլ պատճառներով », – ասում է Արմեն Աջամողլյանը:

 Կաթնամթերքները վերահսկվում են միայն այն դեպքում, երբ դրանք արտադրված են գործարար օպերատորների կողմից:   Անվտանգ պարենամթերքի ազգային գործակալության Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանային բաժանմունքի աշխատակից Լիա Բեքաուրին ասում է, որ նրանք չեն ստուգում փոքրածավալ ֆերմերներին, ովքեր գրանցված  չեն   որպես ձեռնարկատեր :

«Գործարաններում պետք է անպայման ներմուծվի  վերահսկիչ  կետերի ռիսկերի   վերլուծման համակարգ: Գործարանում արտադրվող մթերքը  պետք է ունենա  պիտակավորում, որն անպայման պետք է լինի վրացերենով, պիտանելիության ժամկետն ու անպայման   պահպանման   պայմանները: Մենք պատրաստի արտադրանքը ստուգում ենք կաթի փոշու և բուսական ճարպի պարունակության համար : Բացի այդ, մենք վերցնում ենք կաթի նմուշներ անասնաբուժական դեղամիջոցների մնացորդների հետազոտության համար, որոնք չպետք է լինեն կաթի բաղադրության մեջ », – ասում է Լիա Բեքաուրին:

Տարվա ընթացքում իրականացվում են առնվազն երկու պլանավորված և փաստաթղթային ստուգում:

Կանոնակարգը չկատարելու դեպքում արտադրողները տուգանվում են 400 լարիով, իսկ մեկ տարվա ընթացքում կրկնվելու դեպքում տույժը կազմում է 1200 լարի:

Լաբորատոր հետազոտությունները իրականացվում են թե Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության լաբորատորիայում, և թե նման հետազոտությունների համար հավատարմագրված մասնավոր լաբորատորիաներում:

2018 թ.-ին Վրաստանում տուգանվել է 71 բիզնես-օպերատոր, որոնցից 15-ը՝ կաթի և կաթնամթերքի պիտակավորման կանոնների չպաշտպանման համար: 56 -ի մոտ արտադրության գործընթացում հայտնաբերվել են անհամապատասխանություններ կամ չեն կատարվել Ազգային սննդի գործակալության հրահանգները:

sir3

Մաքսիմ Գիլոյանը  «Մզիուրի Ջավախեթի» կոոպերատիվի նախագահն է: Կոոպերատիվն իր արտադրանքը վաճառում է Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ախալցիխեի խանութներում: Նրանք արտադրում են տարբեր տեսակի պանիրներ՝ սուլուգունի, չեչիլ, շվեյցարական և այլն: Նա մտածել է արտահանման մասին, սակայն կարծում է, որ այս  պայմաններում դա անհնար է:

«Չկա աղիքային ցուպիկի առկայության ստուգման պայմաններ: Ճիշտ է, մենք կաթը պաստերիզացնում ենք, բայց դա չի նշանակում, որ պաստերիզացված  կաթի մեջ  չի կարող հայտնաբերվել    աղիքային ցուպիկ: Քանի որ ֆերմերները հնարավորություն չունեն կովերը կթել տեխնիկայի միջոցով  և   կաթը
գործարաններ տեղափոխել   հերմետիկ տարաների  միջոցով», – ասում է Մաքսիմ Գիլոյանը:

Նա գտնում է, որ անհրաժեշտ է կատարել կաթի մանրէաբանական անալիզ, սակայն դրա  համար հարկավոր է կաթը կթելուց հետո երեք ժամվա ընթացքում այն հասցնել լաբորատորիա :

«Ախալցիխեում կա լաբորատորիա, բայց այդպիսի անալիզ այնտեղ չի կատարվում: Անհրաժեշտ է ունենալ սառնարան, որպեսզի կաթը տեղափոխել, անալիզի համար պահանջվում է մեծ գումար: Ապրանքը Եվրոպա արտահանելու համար կան շատ նրբություններ: Պետք է պայմաններ ստեղծել, որպեսզի մենք կարողանանք ապրանքը արտահանել: Իսկ նրանք միայն ասում են արտահանեք, բայց պայմանները չեն ստեղծում », – ասում է Մաքսիմ Գիլոյանը:

sir4

Ինչ վերաբերում է DCFTA –ի շրջանակներում ընդունված կանոնակարգերին և կարգավորումներին, ապա   ֆերմերները և ձեռնարկատերերը ասում են, որ իրենք պահպանում են կարգավորման կանոնները ու իրենց արտադրանքը բացառապես կաթից են պատրաստում, և չեն օգտագործում կաթի փոշի:

 2015 թ.-ի ապրիլին Վրաստանի կառավարությունը «Կաթի և կաթնամթերքի մասին տեխնիկական կանոնակարգ» հրամանագիր է ընդունել, իսկ 2017 թվականի հուլիսի 1-ին, օրենքում ուժի մեջ է մտել նոր կարգավորումներ, որի համաձայն «Պանիրը» «Կարագ» վերտառությունները կարող են օգտագործվել  այն կարագի վրա, որում յուղայնությունը ոչ պակաս է, քան 39%-ը և ոչ ավելի, քան 79%-ը, իսկ պանրի առումով, անընդունելի է օգտագործել «Պանիր» տերմինը կաթի փոշով արտադրված մթերքի պիտակավորման վրա :

Ռազմավարական հետազոտությունների և զարգացման կենտրոնի համակարգող Վախթանգ Կոբալաձեն գտնում է, որ Վրաստանին պետք է ևս 10 տարի, որպեսզի լուծի գյուղմթերքի արտադրության բոլոր խնդիրները:

«Կարգավորումները չեն օգնի, եթե համակարգը չգործի: Նախ պետք է գոյություն ունենա անասնաբուժական վերահսկողության արդյունավետ համակարգ, որը ոչնչացված է և դա կախված է բազմաթիվ գործոններից: Նախևառաջ պետք է ունենանք բավարար  անասնաբույժներ: Նրանք շատ քիչ են, կան շրջաններ, որտեղ  ընդհանրապես    չկան անասնաբույժներ : Գյուղացիների կաթի և կաթնամթերքի արտադրությունը պետության կողմից  ընդհանրապես չի վերահսկվում », – ասում է Վախթանգ Կոբալաձեն:

Ավելի քան չորս տարի Վրաստանում գյուղատնտեսության զարգացման գործընթացը շարունակվում է օրենսդրական մակարդակով: Սակայն, ինչպես երևում է, կարգավորումներով  հնարավոր չէ  զարգացնել ոլորտը, հարկավոր է պետության և արտադրողների կողմից  ցուցաբերվի համակարգված մոտեցում:

Շուշան Շիրինյան