Բնակարաններում գազի սարքավորումները ստուգող ընկերությունների հավատարմագրման համար հատուկ կառույց կստեղծվի:

Թբիլիսիի փոխվարչապետ Իրակլի Խմալաձեն լրագրողներին հայտնել է, որ նոր շենքերում բնական գազի արտահոսքի դետեկտորների տեղադրումը հնարավոր է պարտադիր դառնա:

Խմալաձեն հայտարարությամբ հանդես է եկել մայրաքաղաքային քաղաքապետարանի գրասենյակում կայացած հանդիպումից հետո, որը նվիրված էր անվտանգության կանոնների խստացմանը: Ներկայումս, Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարությունը պատրաստում է փոփոխություններ՝ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում:

«Խոսքը վերաբերում էր նրան, որ գազի արտահոսքի դետեկտորների տեղադրումը նոր օբյեկտներում դառնա պարտադիր, իսկ հներում, առաջին փուլում, պետք է սկսել առաջարկել սպասարկման փաթեթներ և սպառողները սեփական նախաձեռնությամբ, պետք է պահաջեն այդ համակարգի տեղադրումը իրենց տանը, իսկ ընկերությունները պետք է տրամադրեն այդ ծառայությունը», – հայտարարել է Խմալաձեն:

Բացի այդ, հանդիպմանը խոսքը վերաբերել է հավատարմագրված մարմնի ստեղծմանը, որպեսզի տներում, գազի անվտանգության համակարգերը ստուգվեն որակավորված անձանց եւ ընկերությունների կողմից:

«Այս կերպ, մենք որոշ չափով կկարողանանք հասնել անվտանգության այլ չափանիշի», – ընդգծել է նա:

Փոխվարչապետի խոսքով, հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ շենքի շահագործման հանձնման կանոնները: Մինչեւ 2006 թվականը օրենքը արգելում էր ապրել այնպիսի շենքում, որը չի հանձնվել շահագործման: Սակայն «Ճարտարապետա-շինարարական աշխատանքների նկատմամբ պետական վերահսկողության մասին» գործող օրենքը չի արգելում ապրել այն տներում, որոնք դեռեւս չեն հանձնվել շահագործման: Միեւնույն ժամանակ, շենքի շահագործամն ահնձնման ժամանակ՝ գազի համակարգի անվտանգությունը ստուգելը քաղաքապետարանի իրավասության մեջ չի մտնում:

«Մենք քննարկել ենք այն, թե ինչպես վերադարձնել կարգավորումը, որը նախատեսում է մինչեւ շահագործման հանձնումը բնակեցման սահմանափակումը, որը շատ կարեւոր է, եւ, ընդհանուր առմամբ, էլեկտրաէներգիայի եւ գազի մատչելիությունը կապել շահագործման հանձնման հետ: Այսինքն քաղաքապետարանը չպետք է ընդունի շենքի շահագործումը, մինչեւ մատակարարող ընկերությունները չհաստատեն, որ ցանցի անցկացումը եւ տեղադրումը ապահովված են համապատասխան մակարդակով», – նշել է Խմալաձեն:

Այսօր գազի արտահոսքի թեման Վրաստանում ամենացավոտն է: Հունվարի կեսին, Թբիլիսիի արվարձանում՝ Դիդի Դիղոմի թաղամասում գտնվող բարձրահարկ շենքում, պայթյունի հետևանքով մահացել էր չորս մարդ, այդ թվում` երեխա: Անցյալ շաբաթ Թբիլիսիի ծայրամասում՝ Վարկեթիլի թաղամասում, գազի արտահոսքի զոհ դարձան երկու տղամարդ:

2016-2018 թթ. Վրաստանի մայրաքաղաքում գազի արտահոսքի զոհ է դարձել 86 մարդ, իսկ 285-ը` թունավորվել: