Երեկ, հունվարի 25-ին Ախալքալաքի շրջանային դատարանը որոշում կայացրեց  «Միասնական ազգային շարժման» ակտիվիստներ՝ Աշոտ Ռաիսյանի եւ Միխայել Աղաբաբյանի վարչական իրավախախտման գործով, որը աղմուկ էր բարձրացրել ընտրությունների ժամանակ:

Որոշման  կայացումը սկսվեց առավոտյան ժամը 11-ին, Աշոտ Ռաիսյանի եւ Միխայել Աղաբաբյանի փաստաբանը բացակայում էր:

Վրաստանի Վարչական օրենսգրքի 166-րդ հոդվածի հիման վրա՝ Աշոտ Ռաիսյանի նկատմամբ հարուցված դատական գործի առնչությամբ, ընդունվեց  արդարացնող դատական որոշում: Ինչ վերաբերում է Միխայել Աղաբաբյանին, ապա նա մեղավոր է ճանաչվել Վրաստանի Վարչական օրենսգրքի սույն՝ 166-րդ հոդվածով եւ տուգանվել 1000 լարիով:

Տույժը պետք է վճարվի դատական որոշումը ստանալուց  7 օրվա ընթացքում: Եթե Միխայել Աղաբաբյանը  համաձայն չէ Ախալքալաքի Շրջանային դատարանի որոշման հետ, ապա նա իրավունք ունի բողոքարկել  դատավճիռը 10 օրվա ընթացքում:

Բողոքարկման առնչությամբ, Աշոտ Ռաիսյանը մեկնաբանեց, որ որոշումը կկայացվի ավելի ուշ:

«Ես կարծում եմ, որ բողոքարկման առնչությամբ մեր իրավաբանների հետ միասնական որոշում կայացնելուց հետո, մենք մեր որոշումը կկայացնենք օրենքով սահմանված ժամկետներում», – ասաց Աշոտ Ռաիսյանը:

Հիշեցնենք, որ 2018 թ. հոկտեմբերի 30-ին ՄԱՇ-ի ակտիվիստների եւ «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Հենզել Մկոյանի  հարազատների եւ կողմնակիցների միջև  ծեծկռտուք էր տեղի ունեցել: Մկոյանները հայտարարել էին, որ ծեծկռտուքը տեղի էր ունեցել նախօրեին՝ ընդդիմության ակտիվիստների սադրանքների պատճառով: Վարչական գործի հիմք էր  հանդիսացել՝ Մկոյանների կողմից տրամադրված տեսագրությունները:

Արդյունքում «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր դաշինքի Ախալքալաքի շտաբի պետ՝ Աշոտ Ռաիսյանի եւ դաշինքի ակտիվիստ՝ Միշա Աղաբաբյանի նկատմամբ կազմվել էր  վարչական իրավախախտման արձանագրություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Վրաստանի օրենսգրքի 166-րդ հոդվածի  (Մանր խուլիգանություն)  համաձայն:

Մկոյանների դեմ նաև քրեական գործ էր հարուցվել՝ ծեծկռտուքի պատճառով, որի հետևանքով  ՄԱՇ-ի 4 ակտիվիստներ  տեղափոխվել  էին  հիվանդանոց: