Ախալքալաքից Ադամ Այվազյանը, բազմիցս դիմել է իր և իր ընտանիքի անդամներին երկքաղաքացիություն և Վրաստանում կացության իրավունք ստանալու համար: Նրա երեխաներին մերժել են, պատճառաբանելով, որ նրանք պետության համար սպառնալիք են հանդիսանում:

Ադամ Այվազյանը մոտ քառասուն տարեկան է, ապրում և աշխատում է Ախալքալաքում: Այսօրվա դրությամբ նա Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացի է և ստացել է Վրաստանում մշտական կացության իրավունք: Իսկ նրա կինը՝ Ամալյան, ով Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացի է, կացության իրավունք է ստացել մեկ տարի ժամկետով:

Մինչ 2008 թվականը Այվազյանը ուներ Վրաստանի և Ռուսաստանի քաղաքացիություն, բայց անձնագրային գրասենյակում դա արձանագրված չէր: Քանի որ Ադամ Այվազյանը իրավունք չուներ լինելու երկու պետության քաղաքացի, ապա նա 2008 թվականին հրաժարվում է Վրաստանի քաղաքացիությունից, և դիմում է ներկայացնում օրինական ճանապարհով երկքաղաքացիություն ստանալու համար: Երկքաղաքացիություն (ռուս-վրացական) ստանալու խնդրանքով Արդարադատության նախարարություն է դիմում նաև նրա կինը: Մերժում են և նրան և կնոջը:

Դրանից հետո նա մի քանի անգամ ևս դիմում է Արդարադատության նախարարություն երկքաղաքացիություն և Վրաստանում կացության իրավունք ստանալու համար:

Այնուհետև ընտանիքի բոլոր անդամները ստանում են Հայաստանի քաղաքացիություն:

2012թ. ծնվում է նրա երկրորդ երեխան: Այդ պահին արդեն Ադամ Այվազյանը ունենում է Վրաստանում մշտական կացության իրավունք: Իսկ, երբ 2014 թվականին Վրաստանը ընդունում է նոր միգրացիոն օրենքը, ապա Ադամ Այվազյանը, երեխաներին կացության իրավունք ստանալու համար, փաստաթղթեր է ներկայացնում Արդարադատության նախարարություն:

Երկու և վեց տարեկան երեխաներին Արդարադատության նախարարությունը մերժում է: Մերժումը պատճառաբանելով, որ երեխաները, առաջին կետով սպառնալիք են պետությանը և երկրորդով՝ փչացնում են հասարակությունը:

2014թ. օգոստոսի 29-ին, Ադամ Այվազյանը, ելնելով այն օրենքից, որ, եթե տատիկը և պապիկը հանդիսանում են վրաստանի քաղաքացի, ապա նրանց թոռները կարող են ստանալ կացության իրավունք, փաստաթղթերը ներկայացնում է երեխաներին կացության իրավունք ստանալու համար: Եվ նորից մերժում է ստանում:

«Իհարկե, ես համաձայն չեմ և դիմել եմ դատարան՝ Թբիլիսիում: Արդարադատության նախարարությունում ասացին, որ տեղեկատվությունը եկել է պետական անվտանգությունից, նրանք մեղքը բարդում են պետական անվտանգության ծառայության վրա, իբր մեղավորը նրանք են: Ես դիմել եմ բոլոր պաշտոնատար անձանց: Ինչո՞վ և ինչու՞ իմ երեխաները սպառնալիք են հանդիսանում երկրին»,- ասում է Ադամ Այվազյանը:

Ադամ Այվազյանի խոսքերով, նա փաստաթղթերի նախապատրաստման համար ծախսել է ավելի քան 2000 լարի:

« Ո՞ր նորմալ մարդը կարող է բացատրել, թե ինչու՞ երկու և վեց տարեկան երեխաները կարող են սպառնալիք հանդիսանալ պետությանը: Ինձ ասացին, թե հնարավոր է սխալ է տեղի ունեցել, բայց այդ դեպքում ով չի կարողանում աշխատել, ազատեք աշխատանքից: Ինձ տվել են կացության իրավունք, իսկ երեխաներիս՝ մերժել: Եթե մենք սահմանը հատելու լինենք, ու՞մ թողնենք երեխաներին»,-դժգոհում է Ադամ Այվազյանը:

Դրանից հետո, անցած տարվա դեկտեմբեր ամսին, Ադամ Այվազյանը դատի է տալիս: Նրա խոսքերով, իրեն նույնիսկ խնդրել են ետ վերցնել դիմումը, սակայն, նա միևնույն է դիմել է դատարան: Դատը 3-4 ամսով հետաձգում են: 2015թ. մարտի 13-ին վերջապես դատը տեղի է ունենում և նա մասամբ հաղթում է այն:

Դատարանը նորից փաստաթղթերը ուղարկում է Արդարադատության նախարարություն, որպեսզի այնտեղ դրանք վերանայեն: Ադամ Այվազյանի խոսքերով, արդարադատությունից զանգում են և ասում, որ անհրաժեշտ է փաստաթղթերը նորից ներկայացնել, ինչից Այվազյանը հրաժարվում է ասելով, որ ինքը արդեն 2000 լարի ծախսել է փաստաթղթերի վրա: Դրանից հետո անձնագրային գրասենյակի միջոցով նա նամակ է գրում, որպեսզի Արդարադատությոան նախարարությունում վերանայեն փաստաթղթերը:

Արդեն երկու ամիս է Այվազյանների ընտանիքը սպասում է պատասխանի:

Թե ի՞նչ կպատասխանեն Այվազյաններին այս անգամ հայտնի չէ, սակայն նա մտադիր է մինչև վերջ պայքարել իր իրավունքների համար և վերականգնել երեխաների համբավը:

Շուշան Շիրինյան