Ախալքալաքի ֆուտբոլի «Աբուլ» թիմը չի դադարեցնի իր գործնեությունը: Այն ֆինանսավորվելու է Ախալքալաքի տեղական բյուջեից:

Տեղական իշխանությունը հրաժարվել էր ֆինանսավորել «Աբուլ» թիմին, քանի որ այն գործում էր որպես սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ): Ըստ Վրաստանում գործող օրենսդրության տեղական իշխանությունները իրավունք չունեն ֆինանսավորելու սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին:

Հունիսի 12-ին Շրջանային ժողովի հերթական նիստի օրակարգում Ախալքալաքի «Աբուլ» ֆուտբոլային թիմի խնդիրն էր: Քննարկման ադյունքում ժողովի պատգամավորների որոշմամբ Ախալքալաքի ֆուտբոլի թիմը որպես սպորտաձև գործելու է Սպորտ դպրոցին կից: «Աբուլ»-ի ֆուտբոլիստները կվարձատրվեն պայմանագրային սկզբունքով: Առաջին կիսամյակի խաղերն ապահովելու համար Շրջանային բյուջեն արդեն 33 000 լարի է հատկացրել:

«Իրավունք ունենք քաղաքի թիմը ֆինանսավորելու, բայց որպես հովանավոր, սակայն ակումբ պահելու իրավունք չունենք: Մենք եկանք այն եզրակացության, որ թիմը պահենք Սպորտ դպրոցին կից: Ինչպես գիտեք ֆուտբոլը փող է, ինչքան շատ փող, այնքան բարձր մրցաշարերում հանդես գալու հնարավորություն ու մրցանակային տեղեր»,- ասաց Ախալքալաքի շրջանի վարչության մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով բաժնի պետ Վալերի Ստելմաշովը:

Նշենք, որ Ախալքալաքի ֆուտբոլի «Աբուլ» թիմը հիմնադրվել է 2001 թվականին, սակայն գործում է 2009թ.-ից: Թիմը բավականին հաջող է հանդես գալիս Վրաստանի ֆուտբոլի թիմային առաջնություններում: «Աբուլ»-ը Վրաստանի ֆուտբոլի թիմային առաջնությունում 6-րդ տեղում է: Ախալքալաքի «Աբուլ»-ը 2014-ին Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պահանջով էր գրանցվել որպես սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, որպեսզի կարողանար մասնակցեր Վրաստանի թիմային առաջնությանը: Արդյունքում «Աբուլ»-ը հայտնվել էր երկու քարի արանքում: Եթե չկատարեր Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պահանջը, ապա չէր կարող խաղերին մասնակցել: Ի վերջո գտնվեց «Աբուլ»-ի ֆինանսավորման ելքը: 2009թ.-ից մինչ օրս «Աբուլ»-ը ֆինանսավորվում է Ախալքալաքի շրջանային բյուջեից:

Աղունիկ Այվազյան