Վաճառված արոտավայրերի պատճառով Նինոծմինդայի բնակիչները բողոքում են տեղական իշխանությանը:

Բոլորովին վերջերս պարզ դարձավ, որ Նինոծմինդայի բնակիչներն իրավունք չունեն անասուններն արածացնել այն արոտավայրերում, որտեղ տասնամյակներ շարունակ անասուններն անարգել խոտ են արածել: Պարզվում է, արոտավայրը վաղուց է վաճառված: Հողի սեփականատեր՝ Ռոբերտ Ջաղացպանյանը ֆերմերներին հայտնել է, որ անասուններին չի թողնելու իրեն պատկանող արոտավայր:

Այսօր Նինոծմինդայի բնակիչները հավաքվել էին վարչության շենքի դիմաց և բողոքում էին: Բողոքող բնակիչների խոսքերով 1992 թ.-ից ազատ օգտագործել են արոտավայրերը, սակայն հիմա արոտավայրերի կեսը, 50 հեկտար հող վաճառված է:

«Վերավաճառել են մեր անասունների արոտավայրը: Մեր անասունները համարակալված են: Երբ պետությունը վաճառում էր արոտավայրը չէր մտածում ինչ է լինելու այդ համարակալված անասունների հետ: Այս տարի նոր սեփականատերը թույլատրեց անասուններին արածեցնել, բայց ի՞նչ է լինելու հետո: Մեզանից յուրաքանչյուրը, եթե անասուն չունենա, չի կարող ընտանիք պահել»,- ասաց հավաքվածներից Վարդ Գալիջյանը:
DSC_0002
Մասնավոր ֆերմերների կարծիքով տեղական իշխանությունը հասցնում է նրան, որ ֆերմերները վաճառեն անասունները և իրենցից աշխատատեղ պահանջեն:

«Այս հողերը գնել են 2-3 մարդ: 120 հեկտարից 50-ը նրանք են գնել: 1992 թ.-ից Սպասովկա և Օրլովկա գյուղերի հողերը Նինոծմինդայի բանիչները օգտագործում են որպես արոտավայր: Հիմա մարդիկ անասուններին չեն թողնում արոտավայր: Ով, որ գնել է, ասաց այս տարի թույլ կտա, բայց մյուս տարի ոչ: Մեզ ժամանակավոր հողեր պետք չեն: Նրանք ուզում են, որ մենք անասունները վաճառենք և գնանք իրենցից աշխատանք խնդրենք: Մենք ապրում են անասուններից ստացած եկամտի հաշվին, ուրիշ աշխատանք չունենք»,- ասաց Նինոծմինդայի բնակիչ Սերգեյ Պոդոսյանը:

Տեղական իշխանության ներկայացուցիչները հավաքվածներին բացատրեցին, որ հողերը արդեն վաճառված է, և դա փաստ է: Նրանք խոստացան ստեղծված խնդրին լուծում տալ մեկ տարվա ընթացքում:

Բորիս Ղարսլյան