Ախալքալաքի փողոցները, նախկին  զինվորական ավանը և քաղաքը ավանի հետ կապող հետիոտնային կամուրջը ձյան մեջ են: Իսկ Ախալքալաքի սպասարկման կենտրոնում հաստատում են, որ իրենք ամեն ինչ մաքրել են:

Մի քանի օրվա ընթացքում տեղած առատ ձյան պատճառով քաղաքային և զինվորական ավանի փողոցները դժվարանցանելի են: Բացի փողոցներից, մայթերը նույնպես անանցանելի են: Եվ մեքենաների, և հետիոտների տեղաշարժումը չափազանց բարդ է: Ձյան մեջ է նաև հետիոտնային կամուրջը, իսկ կամրջի աստիճաններով բարձրանալ կամ իջնել հնարավոր չէ՝ սառցակալած ձյան պատճառով: Այս իրավիճակը տիրում է արդեն մի քանի օր :

Երեկ մենք զանգահարեցինք  Ախալքալաքի սպասարկման կենտրոն, պարզելու համար, թե ինչու փողոցները չեն մաքրվել: Մեզ պատասխանեցին , որ  գրեյդերը մաքրել է քաղաքի փողոցները և զինվորական ավանը , ու ինչ-ինչ պատճառներով մենք չենք տեսնում:

Այսօր մենք կրկին զանգահարեցինք այնտեղ պարզելու, թե արդյոք նրանք պատրաստվում են մաքրել քաղաքը և զինվորական ավանը :

Մեզ պատասխանեցին  հետևյալը.

«Երեկ քաղաքը մաքրել էր գրեյդերը , ապա տեխնիկան փչացել էր, և զինվորական ավանն այլևս չէին մաքրել: Այսօր մենք կվերանորոգենք գրեյդերը և վաղվանից կմաքրենք քաղաքի փողոցները: Մենք 3-4 օր է աշխատում ենք օր ու գիշեր », – ասաց սպասարկման կենտրոնի փոխտնօրեն՝ Մխիթար Ռստակյանը:

Մեր հարցին, թե ինչու ձեռքի ձնահավաք  մեքենան  չի աշխատում, ստացանք հետևյալ պատասխանը՝

«Տեխնիկան հենց այս պահին ավարտեց    նախկին   կայարանի շենքի հարակից տարածքի մաքրումը և գնաց  ավտոտնակ: Ես կգնամ   ավտոտնակ և կտեսնենք, թե էլ  որտեղ ենք մաքրելու », – պատասխանեց նա:

Այսօր օդի ջերմաստիճանն արդեն բարձրացել է և զրոյից բարձր է եղել, սակայն ավտոմեքենաների և հետիոտների շարժը ոչ պակաս դժվար  էր:

Շուշան Շիրինյան