Արդեն 3 օր է Կարտիկամ գյուղի բնակիչ Արամ Կապլանյանի ավտոմեքենան մնացել է ձյան տակ։ Բավրա գյուղից 100 մ հեռավորության վրա, Կարտիկամ-Բավրա ճանապարհին։

Առատ ձյան և անանցանելի ճանապարհի պատճառով մեքենան խրվել է ձյան մեջ հունվարի 8-ին, նա ստիպված մեքենան թողնելով գնացել է տուն։

“Գործընկերներս “պիկապ” մակնիշի մեքենայով եկան օգնելու, այդ մեքենան էլ խրվեց, մի կերպ այդ մեքենան հանեցինք։ Զանգահարեցինք Արտակարգ իրավիճակների նախարարություն, եկան չորս ժամ հետո, այն ժամանակ, երբ որ մեքենան արդեն ձյունով էր ծածկված։ Մեքենան չհանեցին, ասելով, որ մենք միայն մարդ ենք փրկում, մեքենա չենք հանում, եթե մեջը մարդ կա ասեք”, – ասաց Արամ Կապլանյանը։

Այսօր նա իր բարեկամների և ընկերների հետ գնացել է մեքենայի շուրջբոլորը մաքրել է ձյունից, սակայն ապարդյուն, նորից քամին ձյուն է լցրել ։

“Այսօր եկան գյուղի մոտ, ասացին Բզավեթ պետք է գնանք մաքրելու, այնտեղից զանգել բողոքել են, ասում են գիշերվա ժամը 1-ին կամ 2-ին կգանք կքաշենք մեքենան, ինչքանով է ճիշտ չեմ կարող ասել, ռայկոմ էլ գնացի էլի նույն բանը ասացին”, – ասաց Արամը։

Ըստ Արամի ոչ ոք նրանց չի օգնել ում որ դիմել են։

Բավրա-Կարտիկամ մոտ 1-ից 2 կմ ճանապարհահատվածը փակ է, Կարտիկամցիները գյուղ են հասնում Խուլգումո-Կուլիկամ ճանապարհով, սակայն այդ ճանապարհն էլ է դժվարանցանելի։

Իսկ «Վեմ »ընկերության պատասխանատու անձ՝ Արա Ղազարյանի խոսքերով այդ կողմերի ճանապարհները բաց են։