Ամբողջ գիշեր տեղացող առատ ձյան և բքի պատճառով փակ են Ախալքալաքի գյուղական ճանապարհները: Մաքրման աշխատանքներ իրականացնող ընկերության ներկայացուցչի խոսքերով, գիշերվանից մաքրման աշխատանքներ են տարվում:

Ախալքալաքում և գյուղերում երթևեկությունը կաթվածահար վիճակում է: Փակ են գրեթե բոլոր գյուղերի ճանապարհները: «Վեմ» ընկերության ներկայացուցիչները վստահեցնում են, որ ամբողջ գիշեր ավելի քան 20 միավոր տեխնիկա է աշխատել և շարունակում է աշխատել:

«Ընդհանուր վիճակն այսպիսին է՝ ամբողջ գիշեր ահավոր ձյուն ու բուք էր: Մեր ամբողջ տեխնիկան աշխատում է: Այս պահին տեխնիկան ձնեմաքրման աշխատանքներ է իրականացնում Բեժանո, Ագանա, Էխտիլա, Ղադո, Դիլիսկա, Ազավրեթ և այլ գյուղեր տանող ճանապարհներին: Գիշերը Մաջադիա գյուղից 40-50 մեքենա ճանապարհին էր մնացել, փրկարարական աշխատանքների շնորհիվ ճանապարհը գիշերը բացվեց: Հիմա էլ տեխնիկան աշխատում է, մոտավոր 30-40 րոպե հետո նորից կբացվի»,- ասաց Ախալքալաքի գյուղական ճանապարհների ձնեմաքրման աշխատանքներ իրականացնող «Վեմ» ընկերության ներկայացուցիչ Արա Ղազարյանը: