Ախալքալաքի մունիցիպալիտետը «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում, 64 գյուղի համար, կստանա մոտ 461 000 լարի:

Երկու տարվա ընդմիջումից հետո պետությունը վերսկսեց «Օգնություն գյուղին» ծրագիրը, կրճատելով գյուղերին հատկացված գումարի չափը: Պետությունը ծրագրի համար հատկացրել է 20 միլիոն լարի, Ախալքալաքի մունիցիպալիտետը կստանա մոտ 461 հազար լարի:

Գումարի բաշխումը, ինչպես և նախկինում, կիրականացվի ըստ բնակչության թվաքանակի:

Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանի խոսքերով, նրանք դեռևս կանոնակարգի ուսումնասիրման գործընթացում են, սակայն ծրագրում հիմնարար փոփոխություններ չկան:

«Գյուղերը կարող են անցկացնել ջրամատակարարման աշխատանքներ, վերանորոգել կամուրջներ, իրականացնել աշխատանքներ կոյուղու համակարգում: Գյուղերն իրենք ժողովների ժամանակ պետք է որոշեն կատարվելիք աշխատանքները », – ասաց Յուրիկ Ունանյանը:

Եթե գյուղում բնակվում է մինչև 200 մարդ, ապա հատկացվում է 5000 լարի, մինչև 400 հոգու դեպքում՝ 6000 լարի, եթե 400-ից 1000 մարդ է, ապա հատկացվում է 8000 լարի: Եթե բնակչությունն ավելի քան 1000 մարդ է կազմում, ապա հատկացվում է 10 000 լարի:

Գյուղերում ժողովները կսկսվեն հունվարի 23-ից և տեղի կունենան մինչև մարտի 1-ը:

Շուշան Շիրինյան