Այսօր, դեկտեմբերի 26-ին Ախալքալաքի շրջանի սահմանամերձ Կարծախ գյուղում տեղի ունեցավ նորակառույց մանկապարտեզի շենքի պաշտոնական բացումը, որին մասնակցել է Սամցխե-Ջավախքի նահանգապետը:

poqrik

Նորակառույց մանկապարտեզում նախադպրոցական կրթություն կարող է ստանալ ավելի քան 50 երեխա, սակայն այսօր 33 երեխա է հաճախում, նրանցից 4-ը հարևան՝ Ֆիլիպովկա գյուղից են:

mahjakal

Մանկապարտեզը միհարկանի կառույց է, որը նախատեսված է երկու խմբի համար, ունի 2 խաղասենյակ, դահլիճ, ճաշարան, խոհանոց և սանհանգույց:

zugaran

Կարմիր ժապավենը կտրելու պատիվը վերապահվեց Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանիշվիլիին: Նահանգապետը, Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, Մանկապարտեզների միավորման տնօրեն Զարուհի Բարբարյանը և այլ պաշտոնյաներ շրջեցին նորաբաց մանկապարտեզում, տեղում ծանոթացան իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին:

hatak

Զարուհի Բարբարյանը կարևորելով նախադպրոցական ցանցի ընդլայնումը, նշեց, որ այս մանկապարտեզը գյուղի զարգացման կարեւոր գրավականներից մեկն է, եւ երախտագիտություն հայտնեց տեղական իշխանություններին նախագծի իրականացման համար:

erexa

«Նորմալ պայմաններ են ստեղծված, ջեռուցում, տաք ջուր, կահույք, ամեն ինչ կա: Շատ գեղեցիկ շենք է: Գյուղում 7 աշխատատեղ է բացվել, հույս ունենք, որ մանկապարտեզը աշխուժություն կմտցնի կարծախցիների կյանքում»,- ասաց Ախալքալաքի Մանկապարտեզների միավորման տնօրեն Զարուհի Բարբարյանը:

shenqy

Թուրքիայի հետ սահմանակից Կարծախ գյուղն ունի ավելի քան 1200 բնակիչ, տարեկան միջինը 15 պսակ է լինում գյուղում: Գյուղի բնակիչների խոսքերով մանկապարտեզի առկայությունն իրենց գյուղում էական կարևոր նշանակություն ունի, քանի որ տարեցտարի ավելանում է ծնունդների թիվը:

dahlij

Աղունիկ Այվազյան