Վրաստանի քաղաքացիների թվաքանակը, որոնց պարտքերը կներվեն՝ բանկերում եւ միկրոֆինանսական կազմակերպություններում, հասել է գրեթե 605 հազարի:

Նրանք կուտակել են ավելի քան 1,3 միլիոն վարկեր, որոնք ընդհանուր կազմում են ավելի քան 3,9 միլիարդ լարի (մոտ 1,5 միլիարդ դոլար):

Պարզելու համար, թե արդյոք Վրաստանի կառավարության այս նախաձեռնությունը վերաբերում է Վրաստանի այս կամ այն քաղաքացիներին, պետք է մուտք գործել vali.ge կայք-էջ: Եթե անձը՝ կայքում անցնելով անհրաժեշտ փուլերը, այդ ցուցակում գտնի սեփական անձը, ապա այնտեղ նշված պարտքը կներվի մինչեւ դեկտեմբերի 31-ը:

Ցուցակում ընդգրկվել են տասը բանկերի, ինչպես նաեւ տարբեր միկրոֆինանսական կազմակերպությունների, առցանց բանկերի եւ հավաքագրող ընկերությունների պարտապանները:

Կառավարությունը խոստացել էր ներել «սեւ ցուցակում» ընդգրկված քաղաքացիների պարտքերը դեռևս նոյեմբերի կեսին: Այս ցանկում ավելացվում են այն քաղաքացիները, որոնք ժամանակին չեն վճարում վարկային տոկոսները կամ ամբողջությամբ անտեսում են դրանք: Նման դեպքերում ծանր տուգանքներ են կիրառվում եւ ընդհանուր պարտքը աճում է: «Սեւ ցուցակում» ընդգրկված քաղաքացիներին՝ երկրում ոչ մի բանկ վարկ չի տրամադրում:

Այդ պարտքերը կվճարի «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության առաջնորդ՝ Բիձինա Իվանիշվիլու կողմից հիմնադրված «Քարթու բանկը»:

Վարկերը կներվեն նրանց, ովքեր վարկը վերցրել են առնվազն մեկ տարի առաջ՝ մինչև վարկերի զրոյացումը, եւ ոչ մի անգամ չի վճարել տոկոսները եւ եթե վարկի հիմնական գումարը՝ առանց տուգանքների և տոկոսների, չի գերազանցում 2000 լարին (ավելի քան 751,1 դոլար):