2018 թ.-ին աշխատատեղերում 39 մարդ է մահացել, եւս 37 աշխատող ծանր վնասվածք է ստացել: Այս մասին ասվում է Վրաստանի արհեստակցական միության զեկույցում:

Զեկույցում նշվում է, որ անցած` 2017 թվականին, աշխատատեղերում 41 մարդ է զոհվել, ևս 66-ը վիրավորվել:

Զեկույցում նաև խոսվում է Տղիբուլիի (Իմերեթի) հանքերում տեղի ունեցած դժբախտ պատահարներին:

Աշխատանքային անվտանգության կանոնների խախտումը եւ առանց վերահսկողության բիզնեսը պատճառ դարձան, որ Տղիբուլիի հանքավայրերում մեկ տարվա ընթացքում երկու դժբախտ պատահար տեղի ունեցավ, որին զոհ դարձան տասը մարդ», – ասվում է զեկույցում:

Վրաստանում, 2018 թվականի օգոստոսի 1-ից սկսեցին գործել աշխատանքային տեսուչները, ովքեր առանց որեւէ նախազգուշացման իրավունք ունեն մտնել եւ ստուգել ցանկացած հաստատություն կամ ձեռնարկություն՝ աշխատանքային անվտանգության առումով:

Աշխատանքի տեսուչի ինստիտուտը որպես վերահսկիչ մարմին ստեղծվել է «Աշխատանքային անվտանգության մասին» օրենքի հիման վրա, որը 2018 թվականի մարտ ամսին ընդունել է Վրաստանի խորհրդարանը: