Այսօր, դեկտեմբերի 19-ին Ախալքալաքի շրջանային դատարանում «Միասնական ազգային շարժման» ակտիվիստներ՝ Աշոտ Ռաիսյանի եւ Միխայիլ Աղաբաբյանի վարչական իրավախախտման գործով տեղի ունեցավ հերթական դատական նիստը:

Նիստին ներկա չէր մեղադրյալներից Աշոտ Ռաիսյանը: Դատարանը մոտավոր երկու ժամ հարցաքննում էր գործով վկա Սերոբ Քոսյանին: Նշենք, որ 4 վկաներից 2-ին դատարանը լսել էր նախորդ դատական նիստի ժամանակ: Քանի-որ դատական նիստը նախատեսվածից երկար տևեց, հերթական անգամ այն տեղափոխվեց: Վարչական իրավախախտման այս գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 20-ին, ժամը՝ 15:00-ին: Կողմերը համաձայնության եկան և վաղը դատարանը կծանոթանա գործով անցնող 4-րդ վկայի ցուցմունքներին:

Հիշեցնենք, որ «Ուժը միասնության մեջ է» ընդդիմական դաշինքի Ախալքալաքի շտաբի պետ Աշոտ Ռաիսյանի և դաշինքի ակտիվիստ Միշա Աղաբաբյանի նկատմամբ կազմվել էր արձանագրություն Վրաստանի «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի 166-րդ՝ «Մանր խուլիգանություն» հոդվածի համաձայն:

Վրաստանի վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 166-րդ հոդվածը նախատեսում է տուգանք 500-ից մինչեւ 1000 լարի, կամ եթե պատիժը համարվի անբավարար՝ ելնելով այն իրավիճակից, որում կատարվել է խախտումը կամ խախտման մեջ ներգրավված անձինք, կարող է կիրառվել մինչև 15 օր վարչական կալանք: Այս գործի վերաբերյալ վերջնական որոշումը կընդունվի դատարանի կողմից:

Հոկտեմբերի 30-ին ՄԱՇ-ի ակտիվիստների ու «Վրացական երազանքի» խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի հարազատների և կողմնակիցների միջեւ ծեծկռտուքից հետո, իրավախախտման արձանագրության կազմման հիմք ծառայեցին Մկոյանների կողմից տրամադրված տեսանյութերը: Ծեծկռտուքի արդյունքում ՄԱՇ-ի 4 ակտիվիստ հոսպիտալացվել էին: Այս փաստով քրեական գործ էր հարուցվել: Մկոյանները բացատրում էին, որ ծեծկռտուքը տեղի էր ունեցել նախօրեին ՄԱՇ-ի ակտիվիստների կողմից կատարված սադրանքների պատճառով: