Այսօր, դեկտեմբերի 7-ին Ախալքալաքի շրջանային դատարանում «Միասնական ազգային շարժման» ակտիվիստներ՝ Աշոտ Ռաիսյանի եւ Միխայիլ Աղաբաբյանի վարչական իրավախախտման գործով 3 ժամ տևած դատական նիստը հետաձգվեց դատավորի միջնորդությամբ:

Ախալքալաքի շրջանային դատարանում կայացավ «Միասնական ազգային շարժման» ակտիվիստներ՝ Աշոտ Ռաիսյանի եւ Միխայիլ Աղաբաբյանի վարչական իրավախախտման գործով հերթական դատական նիստը: Դատական գործով ցուցմունք են տալիս 4 վկաներ, որոնցից միայն 2-ին այսօր դատարանը լսեց: Քանի-որ դատական նիստը նախատեսվածից երկար տևեց, ավելի քան 3 ժամ, դատավորը միջնորդություն ներկայացնեց դատական նիստը դարձյալ հետաձգել մինչև դեկտեմբերի 19-ը, ժամ՝ 16:00-ն: Կողմերը իրենց համաձայնության եկան և դատական նիստը հետաձգվեց: Ախալքալաքի դատարանը դեկտեմբերի 19-ին կլսի գործով անցնող մյուս երկու վկաների ցուցումնքները:

«Վկաների վրա ճնշում են գործադրում, պարտադրում են, որ սուտ վկայություն տան: Ոչ ես, ոչ Միշան, ոչ հայհոյել ենք, ոչ էլ խփել, կռիվ չի եղել, մի երկու խոսք ենք իրար ասել ու վերջ»,- դատական նիստի ավարտին ասաց Աշոտ Ռաիսյանը:

«Ուժը միասնության մեջ է» ընդդիմական դաշինքի Ախալքալաքի շտաբի պետ Աշոտ Ռաիսյանի և դաշինքի ակտիվիստ Միշա Աղաբաբյանի նկատմամբ կազմվել է արձանագրություն Վրաստանի «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի 166-րդ՝ «Մանր խուլիգանություն» հոդվածի համաձայն:

Վրաստանի վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 166-րդ հոդվածը նախատեսում է տուգանք 500-ից մինչեւ 1000 լարի, կամ եթե պատիժը համարվի անբավարար՝ ելնելով այն իրավիճակից, որում կատարվել է խախտումը կամ խախտման մեջ ներգրավված անձինք, կարող է կիրառվել մինչև 15 օր վարչական կալանք: Այս գործի վերաբերյալ վերջնական որոշումը կընդունվի դատարանի կողմից:

Հոկտեմբերի 30-ին ՄԱՇ-ի ակտիվիստների ու «Վրացական երազանքի» խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի հարազատների և կողմնակիցների միջեւ ծեծկռտուքից հետո, իրավախախտման արձանագրության կազմման հիմք ծառայեցին Մկոյանների կողմից տրամադրված տեսանյութերը: Ծեծկռտուքի արդյունքում ՄԱՇ-ի 4 ակտիվիստ հոսպիտալացվել էին: Այս փաստով քրեական գործ էր հարուցվել: Մկոյանները բացատրում էին, որ ծեծկռտուքը տեղի էր ունեցել նախօրեին ՄԱՇ-ի ակտիվիստների կողմից կատարված սադրանքների պատճառով: