Այս տարի Ախալքալաքի շրջանում «Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակներում առաջնահերթային են համարվում արարողությունների տների վերանորոգման աշխատանքները և նրանց համար գույքի ձեռք բերումը, ինչպես նաև ջրատար խողովակների վերականգնումը և շինարարությունը:

Այս տարի «Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակներում Ախալքալաքի շրջանին հատկացվել է 1 067 602 լարի: Արդեն բոլոր գյուղերը որոշել են այդ ծրագրով կատարելիք իրենց աշխատանքները:

Ինչպես և անցյալ տարի, տվյալ գումարը չի թույլատրվում օգտագործել դպրոցների վերանորոգման, գազաֆիկազման և էլեկտրաֆիկացման համար, բացի փողոցների լուսավորումից:

Յուրաքանչյուր գյուղ այդ գումարը յուրովի է օգտագործում: Ոմանք այն կծախսեն անցյալ տարվա աշխատանքները ավարտելու համար, որը սկսել էին, սական գումարի պակասության պատճառով չէին հասցրել ավարտել:

Այն բանից հետո, երբ ընտրվել էին կատարվելիք առաջնահերթ աշխատանքները, տեղական իշխանությունները որոշեցին այդ ծրագիր ներառել նաև գյուղերից աղբի դուրս բերումը: Այսպիսով, յուրաքանչյուր գյուղ, ըստ մեծության, իր գումարից 500-ից մինչև 1000 լարի հատկացրել է աղբի դուրս բերման համար: Գյուղերից աղբի դուրս բերման գործընթացի մանրամասները դեռ հայտնի չեն:

Համարյա բոլոր գյուղերը այս տարի ցանկացել են իրենց հատկացված գումարը ծախսել արարողությունների տների նորոգման և այդ տների համար գույքի ձեռք բերման համար:

Ազավրեթ գյուղին «Աջակցություն գյուղին» ծրագրով հատկացվել է 26 596 լարի: Ամբողջ գումարը, բացի աղբի համար հատկացված գումարից, գյուղը կծախսի արարողության տան վերանորոգման և գույքի գնման վրա: Համապատասխանաբար 23 196 լարի՝ վերանորոգման, իսկ 2900 լարի՝ գույքի համար:

Ալաստան գյուղը ամբողջ գումարը՝ 15 483 լարին նախատեսում է ծախսել արարողության տան նորոգման վրա: Վարևան գյուղը նույնպես իր գումարը՝ 15 000 լարին նախատեսել է ծախսել արարողության տան և խմելու ջրի ավազանի վերանորոգման համար:

Մաջադյա գյուղը արարողության տան վերանորոգման համար կծախսի 16628 լարի, իսկ 1000 լարիի ձեռք կբերի սպորտային գույք: Կորխ և Զակ գյուղերը ևս ամբողջ իրենց գումարը կծախսեն արարողության տան վերանորոգման վրա: Համապատասխանաբար Կորխը՝ 12 504 լարի, իսկ Զակը՝ 12 564 լարի:

Շրջանի 64 գյուղերից 29-ը մտադիր է «Աջակցություն գյուղին» ծրագրի գումարը օգտագործել խմելու ջրատար խողովակների և ջրի ավազանների վերանորոգման վրա:

Օրինակ՝ Բուռնաշեթ գյուղը ամբողջ գումարը ՝16 828 լարին կծախսի խմելու ջրատարի վերանորոգման համար: Կարծախ գյուղը նույնպես ամբողջ գումարը՝ 23 832 լարին կհատկացնի խմելու ներքին ջրատար խողովակների վերանորոգմանը: Օլավերդ գյուղը ևս լրիվ գումարը՝ 16 000 լարին կծախսի խմելու ջրատարի վերականգնմանը:

Ալաթուման գյուղը խմելու ջրատարի վերանորոգման աշխատանքների համար կծախսի 14 530 լարի, իսկ Մոդեգամ գյուղը՝ 7 336 լարի: Սուլդա գյուղը մտադիր է նոր ջրագիծ անցկացնել և նույնպես լրիվ գումարը՝ 27 000 լարին հատկացնելու է դրան: Բոզալի գյուղը նույնպես նոր ջրագիծ է կառուցելու և 5 847 լարին օգտագործվելու է ի համար, իսկ Չունչխա գյուղը ևս իր լրիվ գումարը՝ 9 147 լարին կներդնի խմելու ջրատարի վերականգնմանը:

Շրջանի ամենափոքր՝Էրինջա գյուղը, որը ունի ընդամենը 10 տնտեսություն, իր գումարը՝ 4 286 լարին նույնպես ամբողջությանբ կուղղի խմելու ջրագծի վերականգնմանը:

Կան գյուղեր, որ ոչ թե իրենց լրիվ գումարն են հատկացրել ջրամատակարարման համակարգի վերականգնմանը, այլ գումարից որոշակի մաս:

Շրջանի ամենամեծ գյուղին՝ Դիլիսկային հատկացված է 51 879 լարի: Այդ գումարից 14 000 լարին գյուղացիները մտադիր են ծախսել սպորտային դահլիճի աշխատանքների ավարտման վրա, որը սկսել էին անցյալ տարի և չէին կարողացել ավարտել, իսկ 1000 լարիի մտադիր են գնել սպորտային գույք: Գյուղական փողոցների լուսավորման համար Դիլիսկա գյուղի բնակիչները որոշել են ծախսել 4000 լարի, խմելու ջրագծի որոշակի հատվածի նորոգման համար՝ 5000 լարի, 3900 լարի պատրաստվում են ծախսել երիտասարդների հանգստի սենյակի վերանորոգման համար, 4000 լարի գյուղամիջյան ճանապարհների՝ և 18979 լարի խմելու ջրատարի վերանորոգման համար:

Որոշ գյուղեր ամեն տարի հատկացված գումարից մի մաս ծախսում են ճանապարհների վերանորոգման վրա, ինչը առաջին հայացքից անօգուտ աշխատանք է թվում, քանի որ անձրևաջրերը ամեն անգամ քշում, տանում են ավազը: Բայց, քանի որ գյուղի բնակիչները ուրիշ ելք չունեն, այդ ժամանակավոր բարելավումը գոնե ինչ-որ չափով, որոշ ժամանակ, թեթևացնում է գյուղացիների կյանքը:

Իրենց գումարը ճանապարհների վերանորոգման վրա մտադիր են ծախսել հետևյալ գյուղերը՝ Փոքր Սամսար – 3659 լարի, Վաչիան – 9108 լարի, Մուրջախեթ – 10636 լարի, Կիրովական – 9077 լարի, Բուղաշեն -12500 լարի, Աբուլ – 13521 լարի, Բեժանո – 24189 լարի, Հոկամ – 4200 լարի, Մարտունի – 4527 լարի և Տուրցխ – 16962 լարի, ևս 2000 լարի Տուրցխը կծախսի կենտրոնական փողոցի վերանորոգման համար:

Ղադոլար գյուղը մտադիր է իր գումարից 4 791 լարի ծախսել գյուղամիջյան ճանապարհների վերանորոգման վրա, իսկ 9 500 լարի հատկացրել է գերեզմանոցի ցանկապատմանը:

Իսկ, թե ինչպես են կատարվելու աշխատանքները՝ տենդերի, թե ուղղակի պայմանագրով, դեռևս հայտնի չէ:

Շուշան Շիրինյան