Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքների համաձայն, Ախալքալաքում հաղթել է Սալոմե Զուրաբիշվիլին ձայների 63,66%-ով (12 446 ընտրող): Գրիգոլ Վաշաձեն հավաքել է 34,36% (7106 ընտրող):

Ախալքալաքի №40 ընտրատարածքի 70 ընտրատեղամասերից 68-ում հաղթել է Սալոմե Զուրաբիշվիլին, 2 ընտրատեղամասում՝ №35 և №37, Խուլգումո և Կուլիկամ գյուղերում հաղթել է ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն: Երեք ընտրատեղամասում Սալոմե Զուրաբիշվիլին հաղթանակ է տարել չնչին՝ 8 ձայնի տարբերությամբ, իսկ մնացած 65 ընտրատեղամասերում իշխող կուսակցության աջակցությունը վայելող անկախ թեկնածուն հաղթել է զգալի առավելությամբ:

Վրաստանի ամբողջ տարածքում դեռևս չեն մշակվել բոլոր տվյալները, այս պահի դրությամբ մշակված է արձանագրությունների 99,92 տոկոսը: Ըստ այդ տվյալների, Սալոմե Զուրաբիշվիլին հաղթում է ձայների 59,54 տոկոսով, իսկ Գրիգոլ Վաշաձեն հավաքել է ձայների 40,46 տոկոսը: