Այսօր, Ախալքալաքի շրջանային դատարանում Միասնական ազգային շարժման ակտիվիստներ՝ Աշոտ Ռաիսյանի եւ Միխայիլ Աղաբաբյանի վարչական իրավախախտման գործով դատական նիստը հետաձգվեց իրավապաշտպանի միջնորդությամբ:

Ախալքալաքի շրջանային դատարանում կայացավ Միասնական ազգային շարժման ակտիվիստներ՝ Աշոտ Ռաիսյանի եւ Միխայիլ Աղաբաբյանի վարչական իրավախախտման գործով դատական նիստը: Մեղադրյալների իրավապաշտպան Վախթանգ Իաշվիլին միջնորդություն ներկայացրեց և խնդրեց դատական նիստը հետաձգել: Միջնորդությունն ընդունվեց, հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 7-ին, ժամը՝ 12:00-ին:

«Ուժը միասնության մեջ է» ընդդիմական դաշինքի Ախալքալաքի շտաբի պետ Աշոտ Ռաիսյանի և դաշինքի ակտիվիստ Միշա Աղաբաբյանի նկատմամբ կազմվել է արձանագրություն Վրաստանի «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի 166-րդ՝ «Մանր խուլիգանություն» հոդվածի համաձայն:

Վրաստանի վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 166-րդ հոդվածը նախատեսում է տուգանք 500-ից մինչեւ 1000 լարի, կամ եթե պատիժը համարվի անբավարար՝ ելնելով այն իրավիճակից, որում կատարվել է խախտումը կամ խախտման մեջ ներգրավված անձինք, կարող է կիրառվել մինչև 15 օր վարչական կալանք: Այս գործի վերաբերյալ վերջնական որոշումը կընդունվի դատարանի կողմից:

Հոկտեմբերի 30-ին ՄԱՇ-ի ակտիվիստների ու «Վրացական երազանքի» խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի հարազատների և կողմնակիցների միջեւ ծեծկռտուքից հետո, իրավախախտման արձանագրության կազմման հիմք ծառայեցին Մկոյանների կողմից տրամադրված տեսանյութերը: Ծեծկռտուքի արդյունքում ՄԱՇ-ի 4 ակտիվիստ հոսպիտալացվել էին: Այս փաստով քրեական գործ էր հարուցվել: Մկոյանները բացատրում էին, որ ծեծկռտուքը տեղի էր ունեցել նախօրեին ՄԱՇ-ի ակտիվիստների կողմից կատարված սադրանքների պատճառով: