Ախալքալաքի հանրակրթական դպրոցներում մայիսի 21-ից մինչև 25-ը անցկացվում են դպրոցական ավարտական քննություններ 8 առարկայից: Այսօր շրջանավարտները քննություն էին տալիս վրաց լեզվից:

Շրջանավարտները քննություն են հանձնում հետևյալ 8 առարկաներից՝ վրաց լեզու, օտար լեզու, մաթեմատիկա, պատմություն, աշխարհագրություն, կենսաբանություն, քիմիա և ֆիզիկա: Ավարտական քննություններն անցկացվում են համակարգչով և օնլայն ռեժիմով:

Ախալքալաքի Դերենիկ Դեմիրճյանի անվան չորրորդ դպրոցում քննություն են հանձնում ոչ միայն նույն դպրոցի, այլև քաղաքի Ռուբեն Տեր-Մինասյանի անվան 5-րդ և որոշ գյուղերի դպրոցների աշակերտները: Այս օրերին քննություն են հանձնում նաև նրանք, ովքեր անցած տարի չեն կարողացել քննական նվազագույն շեմը հաղթահարել: Ինչպես նաև էքստեռն քննություն են հանձնում 11-րդ դասարանների այն աշակերտները, ովքեր չեն ուզում ևս մեկ տարի դպրոց գնալ:

4-րդ դպրոցից Աստղիկի հարազատները միջանցքում սրտատրոփ սպասում էին, թե ինչպես է նա դուրս գալու: Դուռը բացվեց և Աստղիկի փայլող աչքերն ինքըստինքյան խոսուն էին:
«Մի քիչ բարդ էր, շատ էի վախենում, որ չեմ անցնի, բայց հավաքեցի 8,94 միավոր», – ասաց Աստղիկը:
Քննությունը հանձնելու համար շրջանավարտները պետք է հավաքեն 5-ից ավելի բալ:

Հովհաննես Թումանյանի անվան 1-ին դպրոցի սաները բարձր միավորներով էին քննասենյակից դուրս գալիս: Սերգեյ Իսոյանը և Օլյա Մղդեսյանը հնարավոր 10 միավորից հավաքել էին 10-ը: Վերջիններիս խոսքերով քննական հարցերը բավականին բարդ էին:
«Ճիշտն ասած չէի սպասում, որ հնարավոր 10-ից 10 միավոր կհավաքեմ: Ինձ համար բարդ էր նախադասության մեջ բացակա բառերի տեղադրումը»,- ասաց Սերգեյը:

Հովհաննես Թումանյանի հայկական դպրոցի սաները վրացերեն լեզվի քննությունից հավաքեցին 8-ից բարձր միավորներ:
«Եթե ասեմ, որ շատ հեշտ է ճիշտ չի լինի, որովհետև ցանկացած քննություն իր լարվածությունն ունի: Իհարկե, ուրախալի է, երբ քո աշակերտն իր գիտելիքով քեզ ուրախացնում է, ինչպես այգեպանն է իր բերքը ներս բերում և հպարտանում, այդպես էլ ես շատ հպարտ եմ իմ աշակերտներով»,- ասաց վրաց լեցվի ուսուցչուհի Դալի Աղդգոմելաձեն:

Աղունիկ Այվազյան