Ուժեղ անձրևներն էլ ավելի վատթարացրին Հեշտիա, Ղաուրմա, Թորիա, Ուջմանա գուղեր տանող ճանապարհները, նույնիսկ տաքսու վարորդները հաճախ հրաժարվում են գնալ:

Հեշտիա, Ուջմանա գյուղեր տանող առանց այն էլ դժվարանցանելի ճանապարհների վիճակն ավելի բարդացավ վերջին ժամանակներում անընդհատ տեղացող անձրևների պատճառով: Թորիա գյուղի բնակիչները բողոքում են ճանապարհների անհարմարություններից և դրանից բխող հետևանքներից:

«Տաքսիները թանկ են վերցնում, հաճախ չեն էլ գալիս: Նախկինում ինչ-որ կերպ հնարավոր էր քաղաք հասնել: Իսկ հիմա ուժեղ անձրևները ավելի փչացրին ճանապարհների վիճակը, պարզապես անանցանելի է: Փողոցներում մեծ ջրափոսեր են գոյացել, ամենուր չամուռ է, նույնիսկ կարելի է ասել ճահիճների է վերածվել»,- ասում է Թորիա գյուղի բնակիչ Սերգեյ Պետրոսյանը:

Թորիա գյուղից մինչև Նինոծմինդա 15 կմ է: Գյուղացիների խոսքերով մեկ ժամ է հարկավոր, այն հաղթահարելու և քաղաք հասնելու համար: Բնակիչները բողոքում են, մինչ շտապ օգնությունը գալիս տեղ է հասնում առաջին անհարժեշտության օգնություն արդեն պետք չի լինում:

Թորիա գյուղի բնակիչները նաև ջրի խնդիր ունեն: Արդեն երկու տարի է չի հաջողվում վերջացնել Թորիա և Ուջմանա գյուղերի նոր ջրատարների շինարարությունը:
«Այդ աշխատանքների իրականացման համար 2013 թ.-ի տարածաշրջանային բյուջեից 460 000 լարի է հատկացվել: Շինարարական «Սեյսմեդեգոբա» ընկերությունը շինարարության աշխատանքներն ամբողջովին չի վերջացրել: Եվ մինչև հիմա ջրի խնդիրը այս գյուղերում ակտուլ է»,- ասում է Թորիա գյուղի բնակիչ Լուսիա Եզեկյանը:

Բնակիչները հույս ունեն, որ գոնե այս տարի վերոնշյալ խնդիրները կլուծվեն:

Թորիա գյուղի լիազոր Վանիկ Նիկողոսյանը հաստատում է, որ այդ խնդիրներն այս տարի կլուծվեն:
«Այս տարի կլուծվի ջրի խնդիրը: Նոր տենդեր կհայտարարվի: Մենք անցած տարվանից գումար ունենք մոտ 85 000 լարի և դա կբավականացնի աշխատանքներն ավարտելու համար: Իսկ ինչ վերաբերում է գյուղամիջյան ճանապարհներին, ապա այդ խնդիրը ևս արդեն լուծված է: 12 000 լարի հատկացվել է գյուղի զարգացմանը, որի շրջանակներում նախատեսված է բարեկարգել ճանապարհները:
Ինչ վերաբերում է Հեշտիա, Ղաուրմա, Թորիա, Ուջման գյուղեր տանող կենտրոնական ճանապարհին, ապա մտածում եմ շրջանի ղեկավարությունը այդ խնդիրը ևս կլուծի»:
Dorogi Ninocminda

Բորիս Ղարսլյան