Սիփան Շիպակցյանը ընդամենը 4 տարի է, ինչ զբաղվում է սպորտով և արդեն լուրջ արդյունքների է հասել: Սակայն վերջինս չի բավարարվում ձեռք բերած հաջողությամբ և ձգտում է աշխարհի առաջնության ոսկե մեդալին:

Ապրիլի վերջին Վրաստանում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Սիփան Շիպակցյանը դարձավ ոսկե մեդալակիր:
2010 թվականին Սիփանը Ախալքալաքի շրջանի Ազավրեթ գյուղի դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Թբիլիսիի Ջավախիշվիլիի համալսարան իրավաբանության ֆակուլտետ:

«Ամեն ինչ դպրոցից սկսվեց, ես վրացերեն լավ էի սովորում: Իմ ավարտած տարին էր, որ Սաակաշվիլին հնարավորություն տվեց 4+1 ծրագրով Թբիլիսիում բարձրագույն կրթություն ստանալ: Ախալցիխեում քննություն տվեցի և հավաքեցի 33 բալ: Բալային կոնկուրսն անվճարի համար նախատեսված էր 24 բալից բարձր: Սկզբում շատ դժվար էր. Թիֆլիս, օտար միջավայր, դժվարություն և այլն: Ես գիտեի, թե վրացերեն գիտեմ, բայց մտա համալսարան ու հասկացա, որ ընդամենը 3 տոկոս գիտեմ վրացերեն»,- ասաց Սիփան Շիպակցյանը:

Ջավախքից Թբիլիսի գնացած երիտասարդն սկզբում գեղեցիկ կազմվածք ունենալու համար էր համալսարանական մարզադահլիճ հաճախում, մինչև որ մարզիչը նկատում է Սիփանի պոտենցիալը: Վերջինս առաջարկում է պրոֆեսիոնալ սպորտով զբաղվել: Սիփանի մարզիչը 62-ամյա Զուրաբ Ճավճանիձեն է:

«Սկզբում համալսարանի մարզադահլիճ էի հաճախում, նոր-նոր էի մարզվում և շատ թույլ էի: Անընդհատ գնում էի, երեք ամիս անց մարզիչս կողքից նկատել էր և առաջարկեց իմ հետ աշխատել: Այդ օրվանից արդեն 4 տարի է, ես պարապում եմ իր մոտ: Համալսարանական խաղերը ինձ համար խաղ ու պար են դարձել: Դեռ չմասնակցած, գիտեի, որ առաջին տեղն եմ առնելու»,- իր խոսքում նշեց Եվրոպայի չեմպիոնը:

Չնայած այն հանգամանքին, որ Սիփանը դեռևս 2014 թվականի դեկտեմբերի 21-ին Կախեթում անցկացված ծանրամարտի Վրաստանի առաջնության ժամանակ դարձավ Վրաստանի չեմպիոն, վերջինս լուրջ չէր վերաբերվում դրան:

«Եթե մի երկրում դու չեմպիոն ես դառնում, ապա իրավունք է տրվում մասնակցել Եվրոպական և միջազգային առաջնություններին ու մրցաշարերին»,- նշեց նա:
Sipan
Խոսակցության ընթացքում Սիփանն աչքի է ընկնում իր ամաչկոտությամբ և համեստությամբ: Զարմանալին այն էր, որ ծանրամարտի Եվրոպայի ոսկե մեդալակիրը կարմրելով էր պատասխանում հարցերին:

Վերջինս փետրվարին առաջարկ է ստանում մասնակցել Եվրոպայի առաջնությանը և սկսում է տքնաջան պարապել: Երկու ամսում 20 կգ քաշ ավելի է բարձրացնում: 75 կգ քաշային կարգում Սիփան Շիպակցյանը, ներկայացնելով Վրաստանը, դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Երեք հնարավորություններից երկուսը Սիփանը հաջողությամբ է բարձրացնում՝ 120 և 130 կգ, միայն երրորդ մոտեցման դեպքում չի կարողանում բարձրացնել 140 կգ: Եվրոպայի չեմպիոնն արդեն առաջարկ է ստացել մասնակցել ծանրամարտի Սև Ծովյան երկրների և աշխարհի առաջնությանը:

«Պատրաստվում եմ աշխարհի առաջնությանը, պետք է պարապեմ, 30 կիլո ավելացնեմ, որ մասնակցությունս իմաստ ունենա: Իմ նպատակն է դառնալ աշխարհի չեմպիոն: Ես միշտ էլ ասել եմ, որ Վրաստանի չեմպիոն դառնալով չեմ բավարարվի, ճիշտ է դարձա Եվրոպայի չեմպիոն, բայց դա քիչ է, քանի որ ինքս իմ հնարավորությունները գիտեմ ու կարող եմ ավելիին հասնել: Պարապում եմ անընդհատ, եթե որոշել եմ, ուրեմն կհասնեմ նպատակիս»,- եզրափակեց Սիփանը:

Մարզիկը չի կարող տանել սուտն ու գոռոզությունը: Անձնականի մասին շատ չի սիրում խոսել. միայն նշեց, որ չի պատրաստվում առաջիկա մի քանի տարիներին ամուսնանալ. «Ամուսնությունը կամ սիրած աղջիկը կխանգարի կարիերայի հարցում: Ես ուզում եմ լավ մասնագետ դառնալ և Ջավախքում աշխատել իրավաբանության և սպորտի ոլորտում»:

Աղունիկ Այվազյան