Երեկ, նոյեմբերի 10-ին վթարի ենթարկված միկրոավտոբուսի ուղևորներից ևս 2 մարդ, ինչպես նաև “Շկոդայի” վարորդը տեղափոխվել են Թբիլիսիի հիվանդանոցներ։
Նոյեմբերի 10-ին Ախալցիխեի Ածղուրի գյուղի մոտ Ախալքալաքից Ռուսաստան ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսը և «Շկոդա» մակնիշի ավտոմեքենան իրար էին բախվել։ Տուժել էին 10 մարդ, 8՝ Կարտիկամ գյուղի բնակիչներ, միկրոավտոբուսի ուղևորները, 2՝ “Շկոդա” մարդատար ավտոմեքենայի։ “Շկոդայի” մի ուղևորը տեղում մահացել էր, նա 50 տարեկան Վրաստանի ՆԳՆ աշխատակից էր։
Միկրոավտոբուսի ուղևորներից 4-ը մի ընտանիքի անդամներ են, ծնողները և երկու երեխա։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, փոքրին՝ 6 տարեկանին երեկ գիշերը տեղափոխել էին Թբիլիսիի Իաշվիլիի անվան մանկական կլինիկա, նախնական վարկածներով նրան գլխի վիրահատություն է հարկավոր։ Երեխաների մայրը նույնպես վնասվածքներ ունի, ոտքի տարբեր հատվածներում երեք կոտրվածք ունի, նա գտնվում է Ախալցիխեի հիվանդանոցում։
Այսօր միկրոավտոբուսի ուղևորներից երկու տուժածի նույնպես տեղափոխում են Թբիլիսիի հիվանդանոց, նրանք կոտրվածքներ ունեն գլխի հատվածում։
“Շկոդա” մակնիշի ավտոմեքենայի վարորդը նույնպես տեղափոխվել է Թբիլիսի։
Միկրոավտոբուսի վարորդը երեկ գիշեր էր տեղափոխվել Թբիլիսի կրծքավանդակի հատվածում ցավեր ունենալու պատճառով։
Մյուս տուժածների վիճակը կայուն է, նրանք գտնվում են Ախալցիխելի հիվանադանոցում։
Հիշեցնենք, որ ՆԳՆ-Ն գործը քննում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով, որը նշանակում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, ինչի հետևանքով մարդ է մահացել։ Հոդվածը նախատեսում է ազատազրկում 4-7 տարի: