Ինչո՞ւ 2014-2015 ուսումնական տարում հայոց լեզվի և գրականության նոր դասագրքերն այդպես էլ չհասան Վրաստանի հայկական դպրոցներ, պարզաբանում է Վրաստանի կրթության և գիտության նախարար Թամար Սանիկիձեն:

«Անցած տարիներին մեզ մոտ որոշ խնդիրներ կային բարեկամական երկրից (Հայաստան) դասագրքերի ստացման հարցում: Այդ խնդիրները հիմնականում վերաբերում էին սահմանն անցնելուն: Այդ խնդիրն արդեն լուծված է: Գրքերի վերջին խմբաքանակը, որը մենք ստացել ենք, ուղարկել ենք թերությունները ստուգելու: Ապագայում մենք կարող ենք այնպես անել, որ հայոց լեզվի և գրականության դասագրքերը ժամանակին հասնեն հայկական դպրոցներ»,- ասաց Թամար Սանիկիձեն:

Ջավախքի հայկական դպրոցներն ամեն տարի հայոց լեզվի և գրականության դասագրքեր ստանում են Հայաստանի կրթության և գիտության նախարարությունից: 2014-2015 ուսումնական տարվա սկզբում Վրաստանի և Հայաստանի կրթության և գիտության նախարարությունների միջև ընթացան բանակցություններ, որի արդյունքում պարզեցվեց Հայաստանից դասագրքերի ստացման գործընթացը: Սակայն մինչ նախարարությունները բանակցում են, ուսումնական տարին ավարտվում է: