Նոյեմբերի 6-ին, ժամը 18:40-ին, Ախալքալաքում զանգվածային ծեծկռտուքի գործով մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց կիրառելու համար սկսվեց դատավարությունը: Դատարանը դատախազության միջնորդությունը բավարարեց եւ վճիռ կայացրեց՝ յուրաքանչյուր մեղադրյալի նկատմամբ կիրառել 3000 լարի չափով գրավ:
Դատական նիստին ներկա էին բոլոր մեղադրյալները՝ Կարապետ Մկոյանը՝ ծնված 1988 թ., 1995 թ. ծնված Էդուարդ Մկոյանը, 1985 թ. ծնված Արարատ Համբարյանը, 1987 թ. ծնված Անդրանիկ Ղարլսյանը եւ 1967 թ. ծնված Մարտուն Մկոյանը:
Անդրանիկ Կարսլյանը համաձայն չէ մեղադրանքին, քանի որ ասում է, որ ինքը չի մասնակցել զանգվածային ծեծկռտուքին: Կարապետ Մկոյանը կարծում է, որ մասամբ մեղավոր է, քանի որ իրեն սկսել են հարվածել և նա էլ սկսել է հարվածել:
Մարտին Մկոյանը, Արարատ Համբարյանը եւ Էդուարդ Մկոյանը խոստովանեցին իրենց մեղքը:
Մեղադրյալների փաստաբան Կախաբեր Ասպանիձեն դատարանին միջնորդություն է ներկայացրել, որպեսզի դատարանը կասեցնի գործի վարույթը Մարտուն Մկոյանի եւ Անդրանիկ Ղարսլյանի նկատմամբ` հիմնավորելով, որ նրանք չեն մասնակցել ընդհարմանը:
Դատախազությունը յուրաքանչյուր մեղադրյալի համար դատարանից պահանջել էր սահմանել 3000 լարի չափով խափանման միջոց՝ գրավ, որը բավարարվեց դատարանի կողմից:
«Դատարանը լիովին բավարարել է դատախազության միջնորդությունը: Գրավի գումարը որոշվել է մեղադրյալի ինքնության, հանցագործության բնույթի, ծանրության եւ գործում առկա այլ փաստացի իրավիճակից ելնելով, այս ամենը միասին», – ասաց դատախազ Գիորգի Օրջոնիկիձեն:
Պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել դատավճիռը.
«Պաշտպանական կողմին չի բավարարում խափանման միջոցը, մենք օրենքով սահմանված ժամկետներում, այսինքն՝ 48 ժամվա ընթացքում, Ախալքալաքի շրջանային դատարանի որոշումը պիտի բողոքարկենք Թբիլիսիի վերաքննիչ դատարանում: Մենք խնդրեցինք, որ երկու մեղադրյալների առնչությամբ, որոնք չեն ընդունում մեղադրանքը, չեն մասնակցել կոնֆլիկտին, այսինքն՝ Մարտուն Մկոյանի եւ Անդրանիկ Կարսլյանի նկատմամբ, կասեցվի քրեական գործը», – ասաց Կախաբեր Ասպանիձեն:
Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակված է դեկտեմբերի 27-ին, ժամը 12:00-ին, այդ ժամանակ տեղի կունենա գործի հիմնական դատալսումը:
Հոկտեմբերի 30-ին, Ախալքալաքում, միասնական ընդդիմության «Ուժը միասնության մեջ է»-ի շտաբի մոտ, ծեծկռտուք էր տեղի ունեցել՝ պատգամավոր Հենզել Մկոյանի հարազատների եւ աջակիցների եւ շտաբի ակտիվիստների միջեւ: Արդյունքում 4 ակտիվիստ հոսպիտալացվել էին:
Սկզբում Ախալքալաքում տեղի ունեցած միջադեպի փաստով գործ էր հարուցվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, որը հետագայում վերաորակավորվել էր եւ շարունակվել է 126-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն:
Սույն հոդվածը նախատեսում է տուգանք կամ հասարակական օգտավետ աշխատանքներ՝ 120-ից 180 ժամվա ընթացքում, կամ տնային կալանք 6 ամսից մինչեւ մեկ տարի ժամկետով կամ մեկ տարի ազատազրկում: