2018 թվականի հոկտեմբերի 28-ին Վրաստանի քաղաքացիները վերջին անգամ պետք է ընտրեին երկրի նախագահ, սակայն պարզվեց ոչ թե վերջին այլ նախավերջի անգամն էր։ Ընտրությունների երկրորդ փուլը կկայանա մինչև դեկտեմբերի 2-ը: Ինչ են մտածում Ախալքալաքում երկրորդ փուլի մասին:

Ընտրությունները կայացան և անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին և միավորված ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն հավաքեցին ձայների մեծամասնությունը. Զուրաբիշվիլին՝ 38,64%, իսկ Վաշաձեն՝ 37,84%։ Հայտարարվեց ընտրությունների երկրորդ փուլ, քանի որ հաղթողը պետք է հավաքեր 50+1 ձայն։

Հիմա պետք է մրցակցեն ոչ թե 25, այլ 2 թեկնածու, սակայն պայքարն ավելի է թեժանում։ Թե ի՞նչ են մտածում Ախալքալաքում, որ համարի թեկնածուն կհաղթի երկրորդ փուլում, մեր լրագրողները հարցում անցկացրեցին քաղաքում։

Հարցմանը մասնակցեցին 50 պատահական անցորդ Ախալքալաքի կենտրոնում։

Հարցվածներից 25 հոգին մտածում է, որ հաղթելու է 5 համարը՝ Գրիգոլ Վաշաձեն: 8 հարցված էլ կարծում են, որ կհաղթի 48 համարը, այսինքն՝ անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին։

10 հոգի ասացին, որ չգիտեն մեկն էլ ասաց, որ երկու կուսակցության ներկայացուցիչներին էլ չի հարգում: Մի տիկին պատասխանեց. «Պետությունից նեղված եմ, չեմ էլ մասնակցելու ընտրությանը»։

3 հոգու ընդհանրապես հետաքրքիր չէր ընտրությունները: Մի տղամարդ էլ առաջի փուլից բան չէր հասկացել. «Առաջինից ինչ հասկացա, որ երկրորդի մասին բան ասեմ»։

Հարցվածներից վերջինն ասաց, «Հիմա ով շատ փող տա, իրեն էլ կնտրեն, միշտ էլ այդպես են անում, ինձ էլ ով փող տվեց, իրեն կնտրեմ»։

Մեզ մնում է ուշի-ուշով հետևել իրադարձություններին և տեղեկացնել մեր ընթերցողին։

Գայանե Ակոջյան