Վրաստանում սոցիալապես անապահով կարգավիճակ ունեցող քաղաքացիները կշարունակեն օգնություն ստանալ պետությունից` աշխատանքի տեղավորման դեպքում: Այս մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարար Դավիթ Սերգեենկոն Հանրային հեռուստատեսության եթերում:

Այսօրվա դրությամբ, սոցիալական աջակցություն ստանում է մոտ 122 հազար ընտանիք՝ Վրաստանում բոլոր ընտանիքների 11,4%-ը: Աշխատանքի տեղավորման դեպքում սոցիալապես անապահով մարդիկ դադարում են օգնություն ստանալ պետությունից: Որոշ փորձագետներ դրանով բացատրում են Վրաստանում գործազրկության խնդիրը:

Այժմ վրացական իշխանությունները խոստանում են չդադարեցնել վճարումը աշխատանքի տեղավորվելուց մեկ տարվա ընթացքում: Ավելին, վճարումների դադարեցումից հետո, սոցիալապես անապահովների կարգավիճակ ունեցող անհատները կկարողանան մնալ տարբեր ծրագրերի շահառուներ՝ նրանք կշարունակեն ստանալ անվճար դեղորայք, կմնան մաքսատուրքերից ազատված եւ այլն:

«Եթե սոցիալական օգնություն ստացող մարդն սկսում է աշխատել եւ նրա մոտ եկամուտ էր հայտնվում, ծրագիրը ավտոմատ կերպով ֆիքսում էր դա, եւ դա դառնում էր սոցիալական աջակցությունից զրկելու հիմք: Հիմա, հնարավորինս կարճ ժամկետներում, մենք կմշակենք հրաման, ըստ որի, սոցիալապես անապահով քաղաքացիները մեկ տարվա ընթացքում կպահպանեն սոցիալական աջակցությունը, իսկ հաջորդ տարի՝ սոցիալապես անապահովների համար ոչ դրամական արտոնությունները», – ասել է Սերգեենկոն:

Վրաստանի առողջապահության նախարարը համոզված է, որ կարիքավորների համար նորարարությունները խթան կհանդիսանան արժանավոր աշխատանք գտնելու համար:

Նյութը՝ «Նորություններ-Վրաստան»-ից