Միավորված ընդդիմության կողմնակիցների վրա հարձակման կապակցությամբ հայտարարությամբ հանդես եկավ «Ուժը միասնության մեջ է»-ի նախընտրական շտաբի պետ Գիորգի Վաշաձեն, ով գտնվում էր Ժվանիայի անվան վնասվածքաբանական կլինիկայում:

Ըստ Վաշաձեի` եւս մեկ կողմնակից` Չոմարյանը, դաժանորեն ծեծի է ենթարկվել: Այս մասին հայտնի է դարձել հիմա, քանի որ, ըստ Գիորգի Վաշաձեի, վերջինիս ահաբեկել էին եւ ստիպել լռել.

«Մեր տեղեկությամբ, ծեծի է ենթարկվել ևս մեկ մարդ, ով այժմ գտնվում է Ախալքալաքում, վնասվել են նրա կողերը, նրան վախեցրել են, եւ նա թաքցրել է այդ փաստը, նրան ծեծի է ենթարկել «Վրացական երազանքի» մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանը, ով միանգամից հարձակվել է նրա վրա: Սա կազմակերպված հանցավոր խումբ է, եւ նրանք անպայման կստանան այն, ինչին նրանք արժանի են:

Ուզում եմ եւս մեկ անգամ հորդորել հասարակությանը, մենք ստեղծում ենք դատաբժշկական փորձագետների, քննիչների եւ փաստաբանների մի խումբ, որոնք կօգնեն մեզ նման դեպքերում, արդեն ունենք մի քանի խմբեր, այդ թվում նաեւ Ախալքալաքում: Մինչեւ հիմա մենք չենք լսել Առողջապահության նախարարի և ոչ մի հայտարարություն, դուք չե՞ք ամաչում, որ բժիշկները դուրս են գրել ծեծված, այլանդակված մարդկանց, ստիպել նրանց ստորագրել ինչ-որ թղթեր եւ նրանց թողել բախտի քմահաճույքին:

Որտե՞ղ է Առողջապահության նախարարը: Անձամբ ես աղետի կենտրոն եմ զանգահարել եւ պահանջել կանչել մեքենա, ինչի համար մեզ մերժեցին, եւ ստիպված էինք կանչել մասնավոր մեքենաներ, ես անպայման դիմելու եմ հանրային պաշտպանին: Հենզել Մկոյանի գլխավորությամբ հանցավոր խմբավորումը, ահաբեկում է մարդկանց, ուղարկում է նրանց մոտ մարդկանց եւ ստիպում նրանց փոխել իրենց վկայությունը, սա լուրջ հանցագործություն է, եւ դրա համար մեծ պատասխանատվություն գոյություն ունի:

Ես կդիմեմ Ներքին գործերի նախարարությանը, որովհետեւ մենք պրոֆեսիոնալ ենք մոտենում սրան, մենք անպայման կքննենք սա, իսկ դո՞ւք ոչ: Մենք այս գործը կքննենք եւ բոլոր փաստերը կարտաբերենք: Մենք կտեղեկացնենք միջազգային գործընկերներին, ԱՄՆ-ի դեսպանությունը համապատասխանաբար կարձագանքի, եւ իմ տեղեկությունների համաձայն, կժամանեն համապատասխան խմբեր: Ոչ մի մազ չպետք է պակասի այդ մարդու գլխից, ում մասին այժմ տեղեկացանք եւ նա գտնվում է Ախալքալաքում», – ասել է Գիորգի Վաշաձեն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին՝ կեսօրից հետո, միասնական ընդդիմության «Ուժը միասնության մեջ է»-ի Ախալքալաքի շտաբի մոտ տեղի էր ունեցել զանգվածային ծեծկռտուք՝ խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի բարեկամների և մտերիմների և շտաբի աշխատակիցների միջև: Ծեծկռտուքից 4 տուժածները հիվանդանոցում էին հայտնվել, նրանցից բոլորը ընդդիմության ակտիվիստներ են: Նրանք ի սկզբանե օգնություն են ստացել Ախալքալաքի հիվանդանոցում: Նրանցից մեկը նույն օրը տեղափոխվել է Թբիլիսի, քանի որ Ախալքալաքում համապատասխան սարքավորում չկար, որպեսզի ուղղեին դիմային ոսկւրը, իսկ մնացած 3-ը դուրս էին գրվել սեփական ցանկությամբ: Երկրորդ օրը նրանց տեղափոխեցին Թբիլիսի, հետագա բուժման համար: