Վեց տարեկան Ջուլիետան տառապում է մանկական ուղեղային կաթվածով, վերականգնողական կուրս անցնելուց հետո արդեն կարողանում է մոր օգնությամբ քայլել: Բժիշկների հավաստմամբ երեխան շտապ ևս 5 կուրս պետք է անցնի, որպեսզի էական փոփոխություն զգացվի, սակայն Ջուլիետայի ծնողները չեն կարող վճարել բուժման համար: Ախալքալաքի քաղաքապետարանը 700 լարի է հատկացրել երեխայի բուժմանը:

Դեռևս հունիս ամսին Jnews-ը «Երբ միակ երազանքն ինքնուրույն քայլելն է» վերտառությամբ հոդված էր գրել մանկական ուղեղային կաթվածով տառապող Ջուլիետա Պետրոսյանի մասին: Ջուլիետայի ծնողները Ախալքալաքի քաղաքապետարան էին դիմել երեխայի բուժման ծախսերը թեթևացնելու համար, քանզի ընտանիքն ի վիճակի չէ երեխային անհրաժեշտ բուժման կուրսի ծախսերը հոգալ:

Ընտանիքն ապրում է կիսախարխուլ, ոչ սեփական մի տան մեջ, որտեղ մեծացնում են ՄՈՒԿ-ով հիվանդ 6-ամյա երեխային: Ծնողները հիմնական աշխատանք չունեն, երեք հոգանոց ընտանիքն ապրում է Ջուլիետայի հիվանդության թոշակի և օրավարձով աշխատանքի դիմաց ստացված գումարով: Այլ ծախսերի կամ բուժման համար, սակայն, գումարը չի բավականացնում:

Ախալքալաքի քաղաքապետարանը 700 լարի է հատկացրել Ջուլիետա Պետրոսյանին Երևանում բուժումը շարունակելու համար:

«Հայաստանում բուժումն անցնելու համար նրանք ներկայացրել էին երկու փաստաթուղթ 120 000 և 105 000 դրամի: Ֆինանսավորել ենք իրենց ծախսած գումարի կեսի չափով: Կախված փաստաթղթերից, սոցիալական կարգավիճակից, հիվանդությունից ու ծախսերից քաղաքապետարանը առավելագույնը 1500 լարի կարող է տալ, միանվագ օգնության տեսքով»,- ասաց Ախալքալքի քաղաքապետարանի սոցիալական ծառայության պետ Կլիմենտ Չթչյանը:

6-ամյա Ջուլիետա Պետրոսյանն ապրում է Ախալքալաքի շրջանի Խուլգումո գյուղում: Երեխան լույս աշխարհ է եկել մանկական ուղեղային կաթված (ՄՈՒԿ) հիվանդությամբ, սակայն ծնողները երեխայի խնդիրների մասին բավականին ուշ են իմացել:

Ախալքալաքի Սոցիալական ծառայության տվյալներով շրջանում 1-ից 18 տարեկան, 74 երեխա է գրանցված, ովքեր հաշմանդամություն ունեն:

Աղունիկ Այվազյան