Միավորված ընդդիմությունը պահանջում է Հենզել Մկոյանին զրկել պատգամավորական մանդատից: Հենզել Մկոյանը վստահեցնում է, որ հիմքեր չկան:

Միավորված ընդդիմադիր «Ուժը միասնության մեջ է» դաշինքը խորհրդարանական մեծամասնությունից պահանջում է Հենզել Մկոյանին զրկել պատգամավորական մանդատից: Ինչպես նաև ժամանակավոր հատուկ քննչական հանձնաժողով ստեղծել Ախալքալաքի միջադեպի հետաքննության համար:

Ի պատասխան Հենզել Մկոյանը հաստատում է, որ հիմքեր չկան իրավասությունները դադարեցնելու:

«Կասեմ, որ իրենք իրավունք չունեն: Ես հանցագործ չեմ, որ ինձ զրկեն իմ պատգմավորական մանդատից, որը միայն ես կարող եմ հանձնել կամ խորհրդարանական մեծամասնությունը: Այդ մասին խոսում է Վաշաձեն, իսկ նա խոսել շատ է սիրում: Թող խոսի, ես այստեղ լուրջ բան չեմ տեսնում: Իրենք ասում են, որ ես այդ կռվի մեջ եմ եղել, մարդ եմ ծեծել: Ես մարդ չեմ ծեծել և կռվին չեմ մասնակցել: Վաշաձեն պարզապես իմ վրա ցեխ է լցնում: Նա երեկ ինձ էր զանգել և սպառնում էր, բայց դա ինքը չի որոշում: Պատգամավորական մանդատից զրկում են, երբ որ դատախազությունում քրեական գործ է հարուցվում: Ես դատախազությունում ոչ մի գործ չունեմ, բացի լավությունից, ուրիշ բան չեմ արել ժողովրդին»,- Jnews-ի հետ զրույցում ասաց Վրաստանի խորհրդարանի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանը, ընտրված Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանից:

Հոկտեմբերի 30-ին Ախալքալաքում, «Ուժը միասնության մեջ է» քաղաքական դաշինքի շտաբի մոտակայքում զանգվածային ծեծկռտուք էր կատարվել։ Ինչից հետո սկսվել են քաղաքական հայտարարությունները։