Ախալքալաքի հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանը լրագրողների հետ զրույցում պատմեց ծեծկռտուքից տուժածների առողջական վիճակի մասին: Նրա խոսքերով, սառը զենքով հասցված վնասվածքներ չկան, չնայած նա այդ մասին չմանրամասնեց:

«Մոտ 3 ժամ առաջ 4 հիվանդ է բերվել, վիրաբույժը նրանց հետազոտել է, առաջնային օգնությունն արդեն ցուցաբերվել է, 3 հիվանդի մոտ նկատվում են տարբեր բարդության վնասվածքներ՝ դեմքի տարածքում, այլ հատվածներում: Մեկ հիվանդի մոտ քթի կոտրվածք է, 4-րդ հիվանդը դեմքի կոտրվածքով պառկած է վիրաբուժարանում: Նրան անհրաժեշտ է ռեպարացիա (վնասվածքների վերականգնում): Անհրաժեշտ է, որ դիմավիրաբույժը խորհրդակցի նրա հետ, նրա վիճակը միջին բարդության է, մնացած 3-ի վիճակը բավարար է: Մնում է ստանալ նյարդաբանի պատասխանը որոշելու, թե արդյոք նրանք մնալու են հիվանդանոցում, թե ոչ», – ասաց Ալեքսան Թորոյանը:

Այսօր, կեսօրից հետո, Ախալքալաքի հիվանդանոց էին բերվել զանգվածային ծեծկռտուքի պատճառով տուժած 4 հոգու: Փաստի առթիվ, ըստ Վրաստանի Քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածի, ընթանում է հետաքննություն: