Ախալքալաքի Դերենիկ Դեմիրճյանի անվան հայկական դպրոցում տեղի ունեցավ հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական երեկո:

Ախալքալաքի Դ. Դեմիրճյանի անվան հայկական դպրոցի մանկավարժ Լալա Գիլոյանը Շիրազին նվիրված հոբելյանական միջոցառմանն առանձնահատուկ էր պատրաստվել: Աշակերտների բերանից հնչող յուրաքանչյուր շիրազյան բանաստեղծություն կորուսյալ հայրենիքի ու կարոտի արտահայտություն էր: Ամբողջ միջոցառման ընթացքում մեծ էկրանին ցուցադրվում էին մայր հայրենիքի, բնության ու գարնան ծաղկունքի տեսարաններ:

«Շիրազը ծննդյան երկու տարեթիվ է ընդունում: Մենք ընտրեցինք 1915-ը կապելով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ: Շիրազի «Հայոց Դանթեականը» առանձնահատուկ կերպով է ներկայացնում հայի ողբերգությունը: Շիրազը կատարելություն է»,- իր խոսքում նշեց հայոց լեզվի և գրականության մասնագետ Լալա Գիլոյանը:
3
Միջոցառման հենքը «Հայոց Դանթեականն» էր, որի միջոցով աշակերտները ներկայացրին Հովհաննես Շիրազ բանաստեղծին:

Ցեղասպանության հետևանքով միլիոնավոր հայերի բնաջնջելու կամ արտաքսելու և սիրիական անապատներում հատուկ ծրագրով աննկարագրելի դաժանությամբ ոչնչացնելու, հայերի պատմական հայրենիքը բռնազավթելու իրողությունը վկայված է ականատեսների հիշողություններում, լուսանկարներում, պատմագիտական ուսումնասիրություններում, գեղարվեստական պատումներում և այլուր: Սակայն անչափ կարևոր է Հայոց Ցեղասպանությունը համայն աշխարհի մարդկությանը ծանոթացնելու և դատապարտելու նպատակով գրված Շիրազի «Հայոց դանթեականը»: Հեղինակն այն անվանում է ողբամռունչ դատաստանամատյան:
6
Հովհաննես Շիրազը 20-րդ դարի հայ պոեզիայի ամենավառ ներկայացուցիչներից է: Նա հայ գրականություն մտավ որպես ավետաբեր՝ նորովի ու վերաիմաստավորված ներկայացնելով հայրենիքի, բնության, սիրո, մոր և այլ թեմաներ:
Շիրազն ասել է. «Հայոց լեզուն` թուրն է հայոց» և քանի դեռ հայ մանկան շուրթերից կհնչի մեսրոպատառ հայերենը, ուրեմն Հայ ազգը կապրի հարատև: Աշխարհիս երեսին ինչքան էլ բռնի տեղահանություն ու արհավիրք լինի, միևնույն է հայն ապրելու է:
2

5

4

Աղունիկ Այվազյան