Նախընտրական քարոզարշավն Ախալքալաքում քչերին է հետաքրքրում: Նախագահի թեկնածուներից միայն երեքին են այստեղ քիչ թե շատ ճանաչում:

Հոկտեմբերի 28-ին Վրաստանում կկայանան յոթերորդ նախագահական ընտրություններ և Վրաստանը կունենա հինգերորդ նախագահը: Ընտրողները պետք է ընտրություն կատարեն 25 թեկնածուների միջև: Նրանց կեսը լայն հանրությանն ընդհանրապես հայտնի չէ, մյուս կեսն այն քաղաքական գործիչներն են, որոնց վարկանիշը շատ ցածր է:

Ախալքալաքի շրջանում բնակչության հետ հանդիպումները, որոնք կազմակերպվում են նախընտրական քարոզարշավի շրջանակներում, աչքի են ընկնում քիչ թվով մարդկանց մասնակցությամբ: Նրանց պասիվությունը մի կողմից բացատրվում է նրանով, որ բնակչությունը հետաքրքրված չէ ընտրություններով, մյուս կողմից՝ դաշտային աշխատանքով:

Ախալքալաքում Վրաստանի նախագահական ընտրություններին մասնակցում են թվով երեք թեկնածու: Նրանց պաստառներն ամենուր են, ուր մարդու հայացքը կարող է ընկնել՝ շենքերի պատերին, էլեկտրական սյուներին, մեքենաներին և այլուր:

Նախագահի թեկնածուներ՝ Սալոմե Զուրաբիշվիլու, Գրիգոլ Վաշաձեի և Դավիթ Բաքրաձեի նախընտրական շտաբները եղել են շրջանի գրեթե բոլոր գյուղերում, նրանք հանդիպել ու զրուցել են մարդկանց հետ, ներկայացրել իրենց թեկնածուների խոստումները:

Բնակչության խնդիրները բազմաթիվ են ու բազմապիսի: Սկսած խմելու ջրի բացակայությունից, վառելափայտի թանկությունից, ճանապարհների անմխիթար վիճակից, աշխատատեղերի բացակայությունից մինչև կենցաղային խնդիրներ:

«Ամեն տարի ընտրություններ են անցկացնում, ո՞ւմ են պետք ընտրությունները: Տեսեք, թե ինչքան են գալիս տանջվում, հենց իրենց պետք ենք, սկսում են մեզ հիշել: Ամեն մեկն իր կողմն է քաշում, ինչ է մի քանի կոպեկ փող են ստանալու: Գյուղացուն պետք է, որ իր ապրանքը իրացնի, բայց ոչ ոք ուշադրություն չի դարձնում մեր խնդիրներին»,- ասաց Գոման գյուղի բնակիչ Ցոլակը:

Բազմաթիվ են խնդիրները նաև շրջանի հանրային դպրոցներում: Խանդո գյուղի դպրոցի մանկավարժները բարձրացնում են դպրոցի ջեռուցման խնդիրը: Խանդոյի հանրային դպրոցն այն հաստատությունների թվին է պատկանում, որոնք փայտի վառարանով են տաքացվում: Այս դպրոցում 114 աշակերտ է սովորում:

«Մեծ դպրոց ունենք, բայց ընդհանուր ջեռուցում չունենք, 21-րդ դար է, դեռ վառարանով ենք տաքացնում: Խնդրում ենք ուշադրություն դարձնեք մեր դպրոցի խնդիրներին»,- ասաց մանկավարժներից մեկը:

Խանդոցիները նշում են, շրջանի մեծ գյուղերից է, սակայն գյուղ տանող ճանապարհը անմխիթար վիճակում է:

«Մեր գյուղից քաղաք հասնելու համար կես ժամ է պետք, այն էլ լավագույն դեպքում: Ամեն տարի խոստանում են, որ կասֆալտապատեն, բայց իրենց խոստումը չեն իրականցնում, որ մյուս ընտրությանը մարդկանց խոստանալու բան ունենան: Ես դեռ չեմ որոշել, ում ոգտին եմ քվեարկելու, երևի անտարբերությամբ արտահայտեմ իմ դիրքորոշումը»,- ասաց Խանդո գյուղի բնակիչներից մեկը:

Աղունիկ Այվազյան