Վրաստանում հոկտեմբերի 21-ից սկսվել են նախագահական ընտրությունների համար քվեաթերթիկների տպագրման աշխատանքները։ Ընդհանուր առմամբ տպվելու է 3 259 900 քվեաթերթիկ երկրի 6 տպարաններում, որտեղ աշխատանքներին հետևելու են տեղական և միջազգային դիտորդներ։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքը։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Վրաստանում ապրող ազգային փոքրամասնությունների համար տպվելու են երկլեզու և եռալեզու քվեաթերթիկներ։ Այսպիսով՝ վրացերենով և ադրբեջաներենով քվեաթերթիկ տպվելու է 209 տեղամասի համար, իսկ հայերենով և վրացերենով՝ 133։ Նշվում է նաև, որ 4 ընտրատեղամասի համար էլ տպվելու են եռալեզու քվեաթերթիկներ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին Վրաստանում վերջին անգամ քաղաքացիները քվեարկության միջոցով կընտրեն նախագահին, ով պաշտոնավարելու է 6 տարի ժամկետով։ 6 տարի անց Վրաստանում նախագահ կընտրվի 300 հոգանոց Ընտրական կոլեգիայի կողմից: Այս փոփոխություններն ամրագրված են երկրի նոր Սահմանադրությամբ, որն ուժի մեջ կմտնի նորընտիր նախագահի երդմնակալությունից սկսած:

Նշենք, որ նոր Սահմանադրությամբ երկիրն անցնում է ամբողջությամբ խորհրդարանական կառավարման մոդելի: Նախագահի իրավասությունները բավականին սահմանափակված են: Նա դարձյալ համարվելու է երկրի ղեկավարն ու ԶՈւ գլխավոր հրամանատարը, զբաղվի արտաքին քաղաքականությամբ, բայց այլևս չի կարող խառնվել երկրի ներքին գործերին, չի կարող հրավիրել խորհրդարանում հարցի քննարկում ու մասնակցել դրան: Նախագահին առընթեր ստեղծվող Ազգային պաշտպանության խորհուրդի նիստ երկրի նախագահը կարող է հրավիրել միայն երկրում ռազմական դրության ժամանակ: